Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


խորտակում են նրա քունը։ Ոչ, տակավին վաղ է հուսահատվել։ Տակավին ժամանակ կա անձնատուր լինելու կյանքի երջանիկ հոսանքին։ Թող նա սկսի յար հասակի այն շրջանում, երբ ուրիշներն ավարտում են, փույթ չէ, միայն թե կարողանա սկսել։ Թող նա հանրության մեջ դառնա մի աննշան հյուլե, թող կյանքի փոթորկի մեջ մի փոքրիկ կոհակի դեր կատարի, միայն թե իմանա, որ ապրում է, շնչում է, զգում է և ոչ թմրում, որպես մի սառնարյուն որդ ծառի խոնավ արմատի մեջ․․․

IV

Հետևյալ օր Ռոստամյանը, թեյ խմելուց հետո, յուր սովորությամբ, անմիջապես նստեց սեղանի մոտ, որ պարապի։ Առաջին ժամը նա աշխատեց սովորական եռանդով։ Նա թերթում էր այս ու այն ձեռագիրը, ժողովում էր յուր առջև դրած փոքրիկ թերթիկներն, ուր մանր տառերով գրված էին ինչ-ինչ հաշիվներ, գումարում էր համարակալի վրա և գրում ձեռքի տակ դրած հաստ ձեռագրի մեջ։ Մի խոսքով, նա շտապում էր առաջ տանել իրան հանձնված աշխատությունը, որ պիտի ավարտեր մինչև հաջորդ ամսի վերջը։ Բայց անցավ առաջին ժամը․ նա զգաց մի անսովոր հոգնածություն, գրիչը շպրտեց մի կողմ, ծխախոտ վառեց և սկսեց հետ ու առաջ շրջել։ Նա կրկին կորցրեց յուր մտքերի թելը․ նրա գլխում զարթնեցին նախընթաց գիշերվա հիշողություններն և, փոխանակ գործի, անձնատուր եղավ այդ հիշողություններին։

Դարձյալ Վարվառեի տխուր և լուրջ կերպարանքը կենդանացավ նրա առջև և դարձյալ նույն թախծալի աչքերը սկսեցին նայել նրա վրա։

— Ոչ․ այս աններելի է,— ասաց նա ինքն իրան,— ամբողջ գիշեր մտածել մի օրիորդի մասին, մի՞թե սրանից ավելի թեթևամիտ բան կարող է լինել։

Այո՛, մի օրիորդի մասին, որն այժմ գտնվում էր նույն տան մեջ, ուր բնակվում է Ռոստամյանը, մի քանի քայլ հեռու, ահա՛, այն դիմացի սենյակներում։ Հետաքրքրելի է իմանալ, զարթնե՞լ