Էջ:Shirvanzade I hator.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է նա, թե՞ ոչ։ Եվ Ռոստամյանը մտիկ արավ յուր լուսամուտից դեպի դեմ ու դեմ։ Ոչ ոք չէր երևում․ լուսամուտների փեղկերը դեռ փակ էին․ այնինչ՝ արդեն տասը ժամն էր։

Բայց ահա փեղկերը բացվեցին, արևի թույլ ճառագայթները թափանցեցին նրանց սենյակները։ Ահա ծերունին, յուր տնային երկայն, մոխրագույն «խալաթով» և կարմրագույն տաճկական «ֆեսը» գլխին։ Նա հազալով դուրս եկավ պատշգամբից, նայեց դեպի վայր, հետո աջ ու ձախ և անհայտացավ։

Վերջապես, երևեցավ և նա, որին ուզում էր տեսնել Ռոստամյանը։ Արդեն հագնված նստած, Վարվառեն թեյ էր պատրաստում, դարձյալ տխուր, դարձյալ մռայլ։ Իսկ հայրը ժպտում է, ծիծաղում։ Անշուշտ նա աշխատում է զվարճացնել աղջկան — անշուշտ, որովհետև հեռվից անգամ այս է արտահայտում ծերունու դեմքը։

Ռոստամյանը զգում էր, որ քաղաքավարության սահմանից դուրս է ուրիշների ընտանեկան տեսարանին ականատես լինել։ Բայց այս — խելքի թելադրությունն էր, իսկ սիրտը ստիպում էր ամոթխած երիտասարդին անշարժ մնալ յուր լուսամուտի առջև։

Սինաս Կիրիլլիչը թեյ խմեց, հագուստը փոխեց և, մի քառորդ ժամ անցած, դուրս եկավ փողոց, յուր հետ տանելով ծառային։ Աղախինը սկսեց սրբել սենյակները։

Վարվառեն դուրս եկավ պատշգամբ, մտիկ արավ տերևաթափ ակացիայի ճյուղերին, դիմացի տանիքին, ներքև, վերև, հետ ու առաջ, բայց տակավին ոչ դեմ ու դեմ — դեպի Ռոստամյանի բնակարանը։

Մինչդեռ երիտասարդը ցանկանում էր որսալ նրա հայացքը, արդյոք, այն միևնույնն է, ինչ որ նախընթաց երեկո, ինչ որ երեկ ու անցյալ օրերը։ Աղախինը սենյակները սրբեց, վերջացրեց։ Վարվառեն գնաց ներս։

Ռոստամյանը դարձյալ նստեց սեղանի մոտ։ Սակայն ահա գրիչը նրա ձեռքում առաջ չի շարժվում, նրա աչքերը նայում են թղթին, իսկ միտքը թափառում է սենյակից դուրս։ Մի անգամ ևս մոտենալով լուսամուտին, նա երես առ երես հանդիպեց խորհրդավոր էակի որոնող հայացքին։ Ո՞ւմ է որոնում, ի՛նչ է ուզում,