Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծաղրո՞ւմ է արդյոք խեղճ մենակյացին, կամենում է արդյոք, յուր կանացի քմահաճության զվարճալի՞ք դարձնել, ծիծաղել նրա թուլության վրա՞։ Ո՛չ, անկարելի է, որ այդ խոհուն աչքերի և տխուր դեմքի տեր էակը կամենա մեկին ծաղրել կամ խաղալիք դարձնել։ Նա բարձր է մարդկային այդ անվայել զգացումներից։

Ճաշի ժամանակը մոտեցավ․ Ռոստամյանը գրեթե ոչինչ չէր ավելացրել յուր աշխատությանը, սկսած տասը ժամից։ Պետրեն երկու անգամ ներս մտավ, հրավիրեց, բայց նա տակավին ախորժակ չուներ։

Վաղուց Վարվառեն չէր երևում, իսկ նա դեռ արձանացած էր յուր լուսամուտի առջև։

— Ստեփան Գրիգորիչ, խոմ ծոմ չե՞ք պահում այսօր,— լսեց Ռոստամյանը հանկարծ, երեսը հետ դարձրեց և կարմրեց։

— Կերակուրը պաղում է, գնա՛նք,— հրավիրեց Նատալիա Պետրովնան։

Հակառակ սովորականին, ճաշի ժամանակ Ռոստամյանն երեք բաժակ գինի խմեց, և այս անսովոր քանակությունն յուր ազդեցությունն ունեցավ։ Նա սկսեց զվարճախոսել յուր տանտիրուհու հետ, որով և մեծ զարմանք պատճառեց վերջինին։ Մի անգամ նա հանկարծ սկսեց բարձրաձայն ծիծաղել, նայելով կերակուրներ մատուցանող ծառայի հետևից։

— Հըմ, ի՞նչ կա,— հարցրեց Նատալիա Պետրովնան, ավելի ու ավելի զարմանալով։

— Պետրեն այսօր աչքիս ծիծաղելի է երևում,— պատասխանեց Ռոստամյանն, աշխատելով զսպել յուր բուռն ծիծաղը։— Գիտե՞ք, Նատալիա Պետրովնա, նա ոտով-գլխով ինչ բանի է նմանվում․․․— Ծածկած հովանու։ Գլուխը բարակ, սրածայր, ուսերը նեղ, արխալուղն երկայն, փեշերը լայն, իսկ և իսկ ծածկված հովանի․․․ Լա՛վ նայեցեք, եկավ․․․ հա՛ հա՛ հա՛։

Նատալիա Պետրովնան վարակվելով յուր երիտասարդ կենողի ծիծաղով, անձեռոցիկը բռնեց բերանին և սկսեց նույնպես բարձրաձայն քրքջալ։ Հետո նա աչքերը սրբեց, մի քիչ գինի խմեց և ասաց․