Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երանի, որդի, որ միշտ այդպես ուրախ տեսնեի ձեզ։ Ի՜նչ սազում է ձեզ ծիծաղը, ախ, ի՜նչ սազում է․․․

Ճաշը դեռ չվերջացած, վոստային նամակաբերն այրիի անունով մի նամակ բերեց։ Նատալիա Պետրովնան անմիջապես բաց արավ նամակը։ Գրողը Գաբոն էր և գրում էր վրացերեն։ Այրին շտապով կարդաց։ Գաբոն հայտնում էր, թե այս տարի արդեն ուսման ընթացքն ավարտում է, հետևաբար երկու-երեք ամսից հետո կգա բժշկի վկայականով։

— Աչքդ լույս, Նատալիա Պետրովնա,— գոչեց բարձրաձայն Ռոստամյանը,— այս էլ Գաբոյի կենացը,— ավելացրեց նա, կես բաժակ ևս մուգ-դեղնագույն հեղուկից խմելով։

Երկուսն ևս — այրին ավետաբեր նամակի, իսկ Ռոստամյանը գինու ազդեցությամբ — շատ ուրախ տրամադրության ներքո, երկար ժամանակ ոգևորված խոսում էին։ Ի վերջո, Ռոստամյանը խոսակցությունը դարձրեց Վարվառեի վրա։ Սակայն պատկառելի այրին, հայտնի չէր ինչու, այդ օրն առաջին անգամ խույս տվեց այս մասին խոսելուց։ Լսելով Վարվառեի անունը, նա հանկարծ ընկավ մտախոհության մեջ, և վայրկենաբար նրա դեմքը փոխվեց։ Ապա նա լռիկ, ինքնուրույնաբար գլուխը շարժեց և ցուցամատի ծայրը շտապով կծեց։ Ռոստամյանը զարմացած նայեց նրա երեսին և այլևս համարձակություն չունեցավ խոսքը շարունակել ցանկալի առարկայի վերաբերմամբ։ Առանց այլևս մի բան արտասանելու, նա բարձրացավ տեղից, գլուխ տվեց և հեռացավ յուր սենյակը։

Երեկոյան Ռոստամյանր դուրս գնաց փոքր ինչ զրոսնելու։ Շատ չանցավ, նա վերադարձավ տխուր մտածության մեջ։

Այսպես անցավ երեք-չորս օր։ Այլևս Ռոստամյանը նախկին եռանդով և համբերատարությամբ աշխատել չէր կարողանում։ Մի անհաղթելի ցանկություն էր զգում նա մեկի հետ մտերմաբար խոսելու, մեկին յուր զգացմունքներն արտահայտելու։ Գուցե թեթևացներ սրտի անորոշ ծանրությունը։ Այլևս մանկությունը նրան թվում էր տխուր, անտանելի, նույնիսկ ամոթալի։ Սակայն ո՞ւր գնար, ո՞րտեղ գտներ մի մտերիմ ընկեր, քանի որ ամենքից հեռացած, չուներ ոչ ոքի հետ սրտակից հարաբերություն, բառիս