թեյ ածում, ուստի, վերարկուն և ձեռնոցները հանելով, նա անմիջապես սկսեց մաքուր բաժակները մի անգամ ևս լվանալ և մաքրել։ Մինաս Կիրիլլիչն, րստ երևույթին, մոռացել էր Ռոստամյանի ընդդիմադրությունն յուր հայացքներին։ Նա դարձյալ սկսեց քննադատել Թիֆլիսի բնակչությունը, որին անարժան էր համարում երկրի բնությանն ու գեղեցիկ դիրքին։ Սակայն Ռոստամյանն այս անգամ, անպայման համաձայնվելով ծերունու հետ, վիճաբանության առիթ չտվեց։ Այս լուսավոր սենյակում, պատկառելի ծերունու և երիտասարդ կնոջ այս փոքրիկ շրջանում նա զգում էր մի ծայրագույն երջանկություն, որ երբեք, երբեք չէր զգացել։ Ծերունին սկսեց, վերջապես, հարց ու փորձ անել Ռոստամյանի գործերի մասին։
— Զարմանում եմ,— ասաց Մինաս Կիրիլլիչը,— որ դուք ինժեներ եք և բավականանում եք այդ համեստ նստակյաց պաշտոնով։ Այժմ ինժեներները երկաթուղիների վրա տասնյակ հազարներ են վաստակում։
— Ես ինժեներ չեմ, Մինաս Կիրիլլիչ,— պատասխանեց Ռոստամյանը, ժպտալով,— Նատալիա Պետրովնան է իմ անունը այդպես կնքել։
— Հապա ի՞նչ է ձեր մասնագիտությունը։
— Իմ մասնագիտությունը — երկրագործություն է։
— Աա՜,— արտասանեց Մինաս Կիրիլլիչը մի փոքր հիասթափված մարդու եղանակով,— ուրեմն դուք ո՞ր ուսումնարանումն եք ավարտել։
— Մոսկվայի Պետրոսյան երկրագործական ճեմարանում։
— Հասկացա. երկրագործ եք։ Բայց ի՞նչ գործ ունեք սենյակի պատերի մեջ։
— Ո՞ւր գնամ։
— Գյուղը,— պատասխանեց ծերունին վճռողաբար։
— Կցանկանայի գնալ, բայց դրա համար հարկավոր է երեք բաներից մեկը։
— Օրինա՞կ։
— Կամ դրամագլուխ, կամ սեփական կալվածք, կամ մեր հարուստ կալվածատերերի հավատարմությունը։