Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եվ ոչ մեկը դրանցից չունի՞ք։

— Չունիմ, ինչպես և ինձ նման շատերը չունին։

Մինաս Կիրիլլիչը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ծանր եղանակով ասաց․

— Չէի՞ ասում ձեզ, պարոն, որ մենք դեռ տգետ ենք։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ կլիներ, որ մեր հարուստ կալվածատերերից մեկy ձեզ ընկերացներ իրան հետ և յուր կալվածքը տար, որ դուք եվրոպական ձևով մշակեիք։ Ո՛չ, եղբայր, մեզ համար վաշխառությունն ավելի հեշտ է, քան թե երկրագործությունը։ Ջհուդ ենք մենք․․․

Հետո ծերունին հարցրեց, թե, արդյոք, Ռոստամյանի ներկա աշխատությունը, փոքր ի շատե համապատասխանում է յուր մասնագիտությանը։ Ռոստամյանը պատասխանեց, թե նրա գրավոր աշխատությունը, ճշմարիտ է, վերաբերվում է յուր մասնագիտությանը, բայց միայն տեսականի կողմից, թե նրան կառավարությունից հանձնված է կազմել և ընդարձակել երկրի մասին զանազան տնտեսական տեղեկություններ և այլն, և այլն։

Խոսակցությունն անցավ այլ առարկաների վրա, և Ռոստամյանը մնաց յուր հարևանների մոտ մինչև երեկոյան տասը ժամը։ Դուրս գնալիս, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար հայտնեց նրան, թե յուր դռները միշտ բաց են նրա համար և խնդրեց, որ շուտ-շուտ շնորհ բերի։

Այդ օրվանից սկսած Ռոստամյանն այլևս չէր վարանում ստեպ-ստեպ այցելել ծերունուն և նրա աղջկան, և միշտ այն ժամանակ, երբ գիտեր, որ Մինաս Կիրիլլիչը տանն է։ Վերջինը հետզհետե ավելի ու ավելի բարեկամանում էր նրա հետ։ Թեև շատ բաներում նրանք չէին համաձայնվում միմյանց մտքերին և շատ անգամ Ռոստամյանը տաք-տաք հակառակում էր ծերունուն, բայց Մինաս Կիրիլլիչին դուր էին դալիս երիտասարդի առողջ, համարձակ և երբեմն մոլեռանդ դատողություններն այն մասնավոր, հասարակական և մերթ ընդ մերթ ազգային խնդիրների վերաբերմամբ, որ միշտ հետաքրքրում էին անգործ ծերունուն բացասականի կողմից։