Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանց խոսակցությանն ու վիճաբանությանը մասնակցում էր և՛ Վարվառեն յուր մեղմ ձայնով, խոսելու համեստ եղանակով և պարզ, ժամանակակից կեղծությունից զերծ ձևերով։ Հաճախ ծերունին լռում էր, վիճաբանության ասպարեզը թողնելով յուր աղջկան և Ռոստամյանին։ Հարկավ, նրա ներկայությամբ երկու երիտասարդ անձանց խոսակցությունը երկար չէր կարող տևել այն առարկաների վրա, որ մատչելի չէին ծերունու ուղեղին և զգացմանց։ Բայց, այսուամենայնիվ, երբեմն նրանք, կարծես, մոռանալով Մինաս Կրիլլիչի ներկայությունը, շոշափում էին միմյանց սրտին մոտիկ խնդիրներ։ Այսպես, մի երեկո Ռոստամյանը սեղանի վրա տեսավ Գյոթեի «Վերթեր» անունով գրքույկը, որ Թիֆլիսի գրադարանների մեկից վերցրել էր ծերունին աղջկա խնդրանոք։ Ռոստամյանը հարցրեց Վարվառեին, թե կարդացե՞լ է այդ գրքույկը, արդյոք։ Վարվառեն նույն օրը միայն ավարտել էր գրքույկի ընթերցանությունը և, երևում էր, տակավին նրա տպավորության ներքո էր։ Նա նախ շփոթվեց, ապա մութ կերպով սկսեց խոսել վեպի բովանդակության մասին։ Խոսակցությունը չէր կարող շարունակվել այն բարդ գաղափարի մասին, որ արծարծում էր բանաստեղծը, ըստ որում Մինաս Կիրիլլիչը ներկա էր, թեև, հարկավ, տեղյակ չէր գրքի բովանդակությանը։

Ահա հենց այղ երեկո էր, երբ Ռոստամյանը յուր սենյակը վերադառնալուց մի քանի րոպե անցած, ներս մտավ Պետրեն և ասաց, թե Նատալիա Պետրովնան խնդրում է նրան շնորհ բերել յուր մոտ։

Այրին, մի համրիչ ձեռին, թախտի ծայրին նստած, խորին մտածության մեջ էր։ Նա լուռ ընդունեց յուր երիտասարդ կենողին և, տխուր հառաչելով, հրավիրեց նստել։

— Խոմ վռազ գործ չունի՞ք,— հարցրեց նա։

— Ոչ,— պատասխանեց Ռոստամյանը, զարմանալով այրիի անսովոր մտախոհության վրա։

— Որտեղ էիք,— հարցրեց այրին։

— Ռոստամյանն ասաց, թե որտեղ էր։

— Նոր բան չիմացա՞ք։

Այս հարցն առաջարկելիս այրին աչքի տակով խորհրդավոր նայեց