Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռոստամյանի երեսին։ Վերջինը զգաց, որ այրին ինքն անշուշտ մի նշանավոր նորություն ունի հաղորդելու։ Համրիչի հատիկներն յուր փափուկ մատների մեջ չըխկչըխկացնելով, Նատալիա Պետրովնան քանի մի վայրկյան լռեց։ Հետո նա, յուր առողջ իրանը ուղղելով, հառաչեց, մազերն ուղղեց և ասաց․

— Աշխարհս, Ստեփան Գրիգորիչ, վատացել է․ խե՜ղճ մարդ, խե՜ղճ կնիկ․․․

— Ի՞նչ է պատահել, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանն, այս անգամ համբերությունը հատած։

— Այն է պատահել, որդի, որ մեր Վարվառա Մինայեվնան — աղջիկ չէ։

Ռոստամյանը, տակավին չհասկանալով այրիի ասածը, զարմացմամբ լի աչքերը հառեց նրա երեսին։

— Հապա՛,— շարունակեց այրին, գլուխը շարժելով,— Վարվառեն մարդ ունի, պսակված է և մարդուց բաժանված։

Ռոստամյանը գունաթափվեց։ Այրին, ոտը ոտի վրա դնելով, շարունակեց։

— Բայց ես ու դուք կարծում էինք, որ նա անմեղ աղջիկ է։ Միտնե՞րդ է, Ստեփան Գրիգորիչ, թե ինչքան ես խնդրում էի ձեզ, որ նշանվեք նրա հետ։ Հետո տեսա, որ դուք չեք ուզում, ասացի, թող իմ Գաբոյի համար պահեմ։ Է՛հ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, ես սուտ ասել չեմ կարողանում․ եթե դուք խնդրեիք ու աղաչեիք էլ, ես չէի թողնիլ, որ Վարվառեն ձեզ հասներ։ Ես շատ սիրեցի նրան և ուզում էի, որ նա անպատճառ իմ Գաբոյի հարսնացուն դառնա։ Հիմա, դուք աստծու բանին մտիկ արեք, որ ոչ ձերը կարող է լինել և ոչ իմ Գաբոյինը․․․ փառք քեզ, տեր աստված․․․

— Բայց ձեզ ո՞վ ասաց, որ Վարվառա Մինայեվնան մարդ ունի,— հարցրեց Ռոստամյանը, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն հուզմունքը։

— Համբերեցե՛ք ու ես մեկ-մեկ կպատմեմ։ Մի օր, որդի, սիրտս տխրեց, ասացի գնամ նրանց մոտ։ Գնացի․ Մինաս Կիրիլլիչը տանը չէր․ Վարվառա Մինայեվնան տխուր նստած էր միայնակ։ Սկսեցինք խոսել դեսից դենից։ Մեկ էլ տեսնեմ, դու ես իմ պարոն Ստեփան Գրիգորիչ, այդ մեր Վարվառա Մինայեվնան դարձավ