Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձ ու ասաց․— «Նատալիա Պետրովնա ես մի խնդիր ունիմ ձեզ»։ Ասացի․ «հրամայի՛ր, որդի»։— «Դուք ինձ, ասաց, այսուհետև բարիշնա չանվանեք, այսինքն ազապ աղջիկ չկարծեք»։— «Ինչո՞ւ, որդի, հարցնում եմ ես»։— «Նրա համար, որ ես պսակված կնիկ եմ», ասում է։ Ես տեղն ու տեղը զարմացա, լեզուս կապվեց։— «Կենդանի՞ է ձեր մարդը», հարցնում եմ։ «Ուրիշների համար կենդանի է, ինձ համար մեռած», ասում է։ Հետո, Ստեփան Գրիգորիչ, նա սկսեց մեկ-մեկ պատմել յուր մարդու մասին։ Զարմանո՞ւմ եք, որդի, հապա՜, ո՞վ կմտածեր, որ այդ ջահել աղջիկը պսակված է ու անբախտացած։

«Ահա, ուրեմն, ինչումն է թաքնված նրա տրտմության գաղտնիքը», կայծակի արագությամբ անցավ Ռոստամյանի մտքով։ Այլևս նա չէր հոգում, թե յուր հետաքրքրությամբ և դեմքի արտահայտությամբ ակամա արտահայտում է այրիին այն, ինչ որ դեռ միմիայն յուր հոգու ու սրտի գաղտնիքն էր։

— Բայց ո՞վ է Վարվառեի մարդը, ո՞րտեղ է, ինչո՞ւ են բաժանվել նրանք,— հարցրեց Ռոստամյանը անհամբերությամբ միմյանց հետևից։

— Ականջ դիր, մեկ-մեկ կպատմեմ,— պատասխանեց Նատալիա Պետրովնան։

Եվ սկսեց մանրամասն պատմել բոլորն, ինչ որ լսել էր Վարվառեից։

Նատալիա Պետրովնան խոսում էր մերթ հայերեն, մերթ ռուսերեն և երբեմն, նեղ տեղն ընկած ժամանակ, դիմում էր վրացերենին։ Իսկ այնտեղ, ուր խոսք չէր գտնում, միտքը հասկացնում էր յուր հսկայատիպ մարմնի պես-պես շարժումներով։ Ինչևէ, նրա պատմության էական իմաստն այսպես հասկացավ Ռոստամյանը։

Մինաս Կիրիլլիչն և Վարվառա Մինայեվնան բուն մոզդոկցիներ են, թեև բնակվել են մեծ մասամբ Մոսկվայում։ Վարվառա Մինաևնան յուր հոր միակ աղջիկն է։ Նա ունեցել է երկու եղբայր և երեք քույր, որոնք մեռել են մանկության հասակում։ Իսկ մայրը մեռել է Վարվառեի ծննդյան վրա։ Զրկվելով յուր հինգ զավակներից և ամուսնուց, Մինաս Կիրիլլիչը յուր սերը տվել է Վարվառեին։ Աստված խնայել է Վարվառեին։ Օ՜օօ, խեղճ մարդն