Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչե՜ր է արել յուր միակ աղջկա համար, ինչ նեղություննե՜ր է քաշել, ինչ փողե՜ր է ծախսել, մինչև նրա մեծանալը։ «Բայց վերջն ի՜նչպես դժբախտացրել է նրան էլ, իրան էլ»․․․

Այստեղ բարեմիտ այրին, հուզվելով, մի քանի վայրկյան ընդհատեց յուր պատմությունը։ Ռոստամյանը, գրեթե շունչը զսպած, անհամբերությամբ լսում էր, սպասելով այրիի պատմության շարունակության։ Խե՜ղճ երիտասարդ, նույն ժամին նա մոռացել էր ամեն ինչ, հոգով ու մտքով կենտրոնացել էր մի կետի վրա — ո՞վ է արժանացել Վարվառեի կենակցությանը և ի՛նչ է պատճառը, որ թունավորվել է նրա կյանքը։ Բայց բարեմիտ այրին, չնայելով ունկնդրի անհամբերությանը և յուր ոգևորությանը, չէր շտապում պատմությունը համառոտելու։

Վարվառեն մեծանում է, հայրը նրան յուր հետ տանում է Մոսկվա, տնային ուսուցիչներ է վարձում — ֆրանսերենի, հայերենի, ռուսերենի, երաժշտության, երգեցողության, ամեն մի բանի համար ջոկ-ջոկ։ Վերջապես, Վարվառեն քսան տարեկան է դառնում, բայց սիրտը դեռ անմեղ, ուրիշ բանի մասին չի մտածում։

— Այնքան հորս սիրում էի, ասում է, որ կարծում էի, թե առանց նրան մեկ օր էլ չեմ կարող ապրել։

Բայց Մինաս Կիրիլլիչը վճռում է նրան ամուսնացնել։ Նա մի քանի հարուստ երիտասարդների անուններ է հիշում։ Վարվառեն ոչ մեկին չի հավանում։ Վերջը Մինաս Կիրիլլիչը կանգնում է, թե Մոսկվայում ապրող հաշտարախանցի ծեր Միզանդրոնցովն յուր եղբոր որդու համար առաջարկություն է անում, թե Վարվառեն չպիտի մերժի, թե Միզանդրոնցովն ինքը ընտանետեր չէ, թե եղբոր որդին նրա հարստության միակ ժառանգն է և այլն, և այլն։ Մի օր մի ընտանիքում Վարվառեին ծանոթացնում են երիտասարդ Միզանդրոնցովի հետ։ Այն օրից սկսած այդ երիտասարդն ընկնում է Վարվառեի հետևից։ Որտեղ գնում է խեղճ աղջիկը, նրան է հանդիպում — թատրոններում, հանդեսներում, այգիներում։ Սի խոսքով, այդ մարդր շվաքի նման հետևում է նրան։ Մի օր նա յուր սերը հայտնում է Վարվառեին։ Վարվառեն մերժում է, պատասխանելով, թե առայժմ ամուսնանալու ցանկություն չունի։ Միզանդրոնցովը չի հուսահատվում, իսկ Մինաս Կիրիլլիչը նրան ընդունում