Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր ազգականներից մեկի մոտ, հանկարծ տեսնում է, որ Ակիմը մեկ ռուս դերասանուհու հետ կառքով անցնում է․․․

— Կնիկը համբերող է, Ստեփան Գրիգորիչ, — գոչեց այրին, ձայնը բարձրացնելով, — բայց էլի մարդ է, աստված չէ։ Վարվառեն կառքը քշել է տալիս ուղիղ յուր հոր տունը։ «Կամ սպանիր ինձ, կամ թող, որ քեզ հետ ապրեմ», ասում է։ «Վարվառե, խելքի եկ»։ Չի լինում․ ո՛չ հոր աղաչանքը, ո՛չ մարդու նոր մեղա գալը — չեն օգնում։

Մի ամիս անցած, Միզանդրոնցովը Մոսկվայից անհետանում է։ Բոլոր ծանոթներր սկսում են խոսել, որ նա «մի դերասանուհու հետ փախել է Օդեսա»։ Մի փոքր ժամանակից հետո, Վարվառեն նամակ է ստանում նրանից հազար ու մի սատանայություններով լի։ Նա գրում է, թե մեղավորը Վարվառեն է, որ խայտառակեց նրա անունը, թե այլևս նա չի կարող Մոսկվայում երևալ, թե Վարվառեն, եթե ուզում է, թող ինքը գնա նրա մոտ և այլն, և այլն։ Քաղաքում երկար բամբասում են․ հարցնում են Մինաս Կիրիլլիչին, նա հարցնողներից գլուխ է փախցնում։ Վարվառեն գիշեր ու ցերեկ տնից չի դուրս գալիս, օրից-օր բաները վատանում են։

— Հիմա գանք Մինաս Կիրիլլիչի խղճմտանքին,— շարունակեց Նատալիա Պետրովնան, մի անգամ ևս հառաչելով։— Բայց ինչ պատահեց ձեզ, Ստեփան Գրիգորիչ, դուք ինձ չե՞ք լսում։

Արդարև, Ռոստամնյանն այլևս չէր լսում այրիի խոսքերը։ Գունաթափ, դողդոջուն շրթունքներով, ատամները սեղմած, նա յուր հայացքը հառել էր սենյակի դեպի մութ անկյունը։

— Ես․․․ ո՛չինչ․․․ լսում եմ․․․— արտասանեց նա սթափվելով։

— Ո՛չ, դուք ականջ չեք դնում, ներողություն, ես ձեր գլուխը ցավացրի։

— Ծխախոտի ծուխը գլուխս պտտեցրեց, ի՞նչ էիք ասում, շարունակեցե՛ք, խնդրեմ։ Բայց ոչ, ուշ է, Նատալիա Պետրովնա, ներեցե՛ք։ Բարի գիշեր․․․

Թողնելով այրիին զարմացած և խոսքը կիսատ, Ռոստամյանն արագությամբ դուրս վազեց։ Նա անհապաղ անցավ յուր ննջարանն և, դռները չփակած, հագուստը հագին, երեսնիվայր պառկեց անկողնի վրա։