Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանգ էին առնում, գլուխ էին տալիս և, կարծես, ուզում էին անամոթաբար մոտենալ։ Այնինչ՝ Վարվառեն միանգամայն անտարբեր էր թե՛ դեպի շրջապատող հասարակությունն և թե՛ դեպի հետաքրքրվող աչքերը։ Սառն, անվրդով, հպարտ գլուխը բարձր պահած, նա անց ու դարձ էր անում, զանազան անկապ հարցեր տալով Ռոստամյանին Թիֆլիսի մասին։ Հանկարծ նա կանգնեց սեղանատան մի անկյունում, ուր ոչ ոք չկար, և անսպասելի կերպով հարցրեց․

— Ինչո՞ւ դուք այսօր տխուր եք, պարոն Ռոստամյան։

— Նույնն ես էի կամենում հարցնել ձեզ ձեր մասին,— պատասխանեց Ռոստամյանը։

— Ի՞մ մասին։

— Այո։ Եվ ոչ միայն այսօր եք տխուր, այլև, ներեցեք, դուք միշտ այդպես եք։ Մինաս Կիրիլլիչն երեկ ասում էր, թե դուք սիրում եք երաժշտություն և հասարակություն, այնինչ՝ ես հակառակն եմ տեսնում։

— Հասարակություն․․․ այո, սիրում էի մի ժամանակ․․․— պատասխանեց Վարվառեն թախծալի ձայնով և, ապա, հայացքը մի կողմ դարձնելով, հազիվ լսելի ձայնով ավելացրեց․— բայց այդ վաղուց էր․․․

Այդ րոպեին մի նորաձև հագնված երիտասարդ և մի ճաղատ գլխով ու տգեղ դեմքով տղամարդ անցան նրանց առջևից, խիստ ուշադրությամբ մտիկ արին մի քանի վայրկյան և հեռացան, ծիծաղելով և իրար բոթելով։ Ռոստամյանը ճանաչեց ճաղատ գլխով տղամարղին։ Դա Նատալիա Պետրովնայի փեսան — Կատոյի ամուսինն էր։

— Բավական հետաքրքիր են ձեր թիֆլիսեցիները,— ասաց Վարվառեն։

— Նույնիսկ չափից դուրս, այդ պատճառով էլ նրանք շատերին ատելի են,— պատասխանեց Ռոստամյանը։

— Գուցե հենց այդ պատճառով դուք հեռու եք պահում ձեզ նրանցից, այսպե՞ս է,— հարեց Վարվառեն, ժպտալով։— Չէ՞ որ դուք կամավոր բանտարկյալի կյանք եք վարում։ Ես Մոսկվայում ծանոթ էի մի հայ ուսանողի հետ, որն իսկ և իսկ ձեզ պես ատում էր հասարակությունը։