Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


մի գունասպառ կնոջ երեսը։ Բայց նրա աչքերի մեջ փայլում էր ավելի կենդանություն, քան առաջ։

Դռները բացվեցին, ներս մտավ աղախին Մատրենան։

— Տիրուհի, դուք զբաղվա՞ծ եք,— հարցրեց ռուս պառավը։

Վարվառեն շփոթված հետ նայեց։

— Ի՞նչ ես կամենում,— հարցրեց նա բարկացած։

— Ձեզ ուզում են տեսնել։

— Ո՞վ,

— Ա՛յ, այն երիտասարդ պարոնը։

Մատրենան ձեռով ցույց տվեց պատշգամբի մյուս ծայրը։

— Այստե՞ղ է։

— Դրսում սպասում է, տիրուհի։ Այսօր երկու անգամ եկել է ու հարցրել։ Մեկ ուզում էի ասել, որ տանը չեք, բայց հետո մտածեցի, թե ավելի լավն է ձեզանից հարցնեմ։ Հրավիրե՞մ։

Վարվառեն մի քանի վայրկյան լռեց և հետո, կարծես, մտքում մի բան վճռելով, հրամայեց։

— Հրավիրի՛ր մյուս սենյակ։

Մատրենան դուրս գնաց։ Վարվառեն ուղղեց հագուստը, գլխի մազերն ու հանդարտ քայլերով անցավ հյուրասենյակ։

Բազկաթոռի վրա նստած սպասում էր Ռոստամյանը, սև հագուստով, գունատ, տխուր աչքերը հառած այն դռներին, ուսկից դուրս եկավ Վարվառեն․․․

IX

Մինչդեռ Վարվառեն ոչինչ չէր նկատում, Ռոստամյանը Մինաս Կիրիլլիլի հարաբերությունների մեջ զգում էր փոփոխություն։ Թվում էր նրան, որ ծերունին այլևս առաջվա պես բարեկամաբար չի վերաբերվում իրան։

Այս բանն ավելի զգալի էր ավագ չորեքշաբթի երեկո, երբ Մինաս Կիրիլլիչն և Ռոստամյանը այրիի տանն էին։ Հակառակ յուր սովորության, այդ երեկո ծերունին Ռոստամյանի հետ խոսում էր, կարծես, ակամա։ Նա չէր վիճաբանում որևէ խնդրի մասին, չէր հակառակում և, առհասարակ, երկար խոսակցությունից