Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հագուստով հայրը, որ յուր ամուսնուց ամբողջ քսան տարով մեծ էր։ Ո՛րքան մոլեռանդ քրիստոնյա էր այդ մարդը — առավոտ և երեկո եկեղեցի հաճախող, սուրբ գրքերի ընթերցանությամբ հափշտակվող։ Ռոստամյանը մտաբերեց և՛ այն ձմեռային երեկոները, երբ մի կողմում մայրը գլուխը քաշ կար էր անում, մյուս կողմում հայրը, պատի տակ ծալապատիկ նստած, մեջքը բարձին թեքած, ավետարան կամ աստվածաշունչ էր կարդում բարձրաձայն։ Իսկ ինքն ու քույրը սենյակի մի անկյունում դաս էին սովորում կամ խաղում էին։ Երբեմն նա թողնում էր դասը, նստում էր հոր մոտ և լսում էր նրան։ Նա այժմ ևս պարզ հիշում է հանգուցյալի անհողդողդ, միահնչյուն ձայնը, որ մերթ ցածրանում էր և մերթ բարձրանում, այն ժամանակ, երբ նա կարդում էր աստվածաշնչի ոգևորիչ հատվածները։

Հիշեց Ռոստամյանն այդ հատվածներից շատերը, հիշեց և այն դարձվածները, որոնք նրա ականջին հնչում էին ավելի հաճախ և որոնց հայրը կարդում էր խորհրդավոր ձայնով և առանձին շեշտելով։

Հանկարծ նա սարսափած վեր թռավ անկողնուց և նստեց։

«Ընդ, առնակնոջ ամենևին մի՛ նստեր»,— արտասանեց ինքն իրան։

Ապա նա, ձեռը դնելով ճակատ ի վրա, հիշեց և մի այլ դարձված․

«Կին արամբի ի կենդանի այր յուր կապյալ է օրինոք»։

Ահա ո՛րտեղ է սկիզբն և աղբյուրը, ահա ինչով պիտի արդարացի համարել Մինաս Կիրիլլիչի և մյուս բոլորի նախապաշարմունքները։ Ինչո՞ւ մեղադրել նրան, ինչո՞ւ անվանել նրան բռնակալ մարդ, անխիղճ հայր։

— Ինչո՞ւ,— կրկնեց Ռոստամյանը,— քանի որ ես եմ, որ հանդգնում եմ ջնջել այս դարավոր պատգամը։

Այո, հակառակորդը զորավոր է, անհաղթելի․ դա դարավոր ավանդության և օրենքի անքակտելի կապանքն է․․․ Այս վաղուց հայտնի է Ռոստամյանին։ Բայց սուրբ գրքից հանգուցյալ հոր բերանով արտասանված այդ պատգամը, որ նա այնպես պարզ հիշեց, մի առանձին երկյուղ էր ազդում նրա վրա։ Երկար ժամանակ