նա տանջվում էր անկողնի մեջ, իսկ առավոտյան լույսն արդեն սկսել էր թափանցել պատուհանից․․․
Ուշաթափվելուց հետո, Վարվառեն նույն օրն ու գիշերը զգում էր սաստիկ գլխացավ։ Գլխացավն անցավ, և նրա ամբողջ մարմնին տիրեց մի անսովոր թուլություն։ Բայց նա ուշադրություն չէր դարձնում յուր տկարության վրա, թեև երբեմն երկար չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Կյանքը, որ մի քանի օր առաջ այնքան հրապուրելի էր դարձել, այժմ երևում էր նրան մռայլ մառախուղով շրջապատված։ Ապագան ոչինչ ուրախություն չէր ներշնչում սկսած այն րոպեից, երբ նա հայտնեց յուր հորը, թե համաձայն է հետևել նրան — դուրս գալ Թիֆլիսից։ Նա գիտեր, որ հոր վճիռն անդառնալի է․ եթե ինքը չհամաձայնվի, ծերունին կթողնի նրան և կգնա միայնակ։ Թե ո՛ւր կգնա, աստված գիտե, բայց Վարվառեն զգում էր միայն, որ այնուհետև այլևս չպիտի տեսնի հորը։ Գործին մի այլ ընթացք տալ — այլևս անկարելի էր․ մնում էր երկու ելք — կամ հետևել հորը հագուրդ չստացած սիրո հավիտենական տանջանքը սրտում, կամ հետևել Ռոստամյանին և դառնալ հայրասպան։ Երկար խորհելու ժամանակ չկար, պետք էր ընտրել այս երկու ճանապարհից մեկը, և նա վճռեց ընդունել առաջինը — յուր տանջանքը։
— Ո՛չ, երբեք սերն ինձ չի ստիպիլ ձեռք բարձրացնել ծերունի հորս վրա,— կրկնում էր Վարվառեն անդադար։
Եվ կրկնում էր ո՛չ թե հուսահատված մարդու այն անվեհերությամբ, որ արտահայտում էր խրոխտ, անդառնալի հաստատակամություն, այլ որպեսզի կարողանա յուր վճռին հավատարիմ մնալ մինչև վերջին սարսափելի րոպեն։ Դա մի տեսակ խրախույս էր, որ նա տալիս էր ինքն իրան, աշխատելով, հանուն որդիական սիրո և պարտաճանաչության, զսպել մի ավելի զորավոր սեր։ Բայց եթե նա կարող էր վերջինի վրա մի վճռական հաղթություն գործել, զոհելով յուր երջանկությունը հոր պատվասիրությանն, ապա