Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


տեսությունից։ Ո՞ւր գնա, ի՞նչպես մոռանա — այս մասին նույն րոպեներին նա դարձյալ չէր մտածում։ Մտածում էր միայն ծերունի հոր մասին, որ րոպե առ րոպե կարող էր ներս մտնել և տեղն ու տեղը հանդիպել յուր մահը։

Վերջապես, Ռոստամյանը բոլորովին յուր հույսը կորցրեց։ Նա սպառնալի դեմքով և աղեկտուր ձայնով, հազիվհազ շունչ քաշելով, արտասանեց․

— Անգո՜ւթ, դու ինձ չես սիրում․․․

Մի դառն ժպիտ աղավաղեց Վարվառեի հիվանդոտ դեմքը, և նա, լուռ ձեռը մեկնեց դեպի հոր առանձնասենյակի կողմը։

— Ուրեմն, զոհի՛ր ինձ նրան,— գոչեց Ռոստամյանը և, առանց վերջին մի համբույր տալու, առանց անգամ վերջին բարևն ասելու, շտապեց դուրս։

Վարվառեն անշարժ արձանացած կանգնած, լսում էր նրա արագ-արագ հեռացող քայլերի ձայնը, որ հետզհետե նվազում էր։

Հանկարծ նա մի խուլ, հուսակտուր հնչյուն արձակեց կրծքից, վազեց դեպի դռները, նայեց դեպի պատշգամբի մյուս ծայրը։

Ռոստամյանն անհետացել էր․․․

— Վերջապես,— արտասանեց Վարվառեն և ուժասպառ երեսնիվայր ընկավ անկողնակալի վրա․․․

XIII

Լուսացավ այն առավոտն, երբ հայր ու աղջիկ պիտի Թիֆլիսից ճանապարհ ընկնեին։

Արդեն ամեն ինչ պատրաստ էր․ իրեղենները կապկպած, տան կահ-կարասիքը մի կողմ հավաքած։ Դեռ երեկոյան Մինաս Կիրիլլիչը խոհարարի վարձը տվել էր և արձակել, որ առավոտյան գա՝ օգնելու։

Մատրենան յուր աղքատիկ իրեղեններր փաթաթել էր մի մեծ սփռոցի մեջ, կապոցը խոհանոցի մի ակյունումն էր դրել ու շտապով հեշտաեռը կրակ էր գցում, որ առանց թեյի չուղևորվեն, թե պարոնն ու տիրուհին և թե, մանավանդ, ինքը։

Մինաս Կիրիլլիչը զարթնեց շատ կանուխ։ Նա շտապով հագնվեց,