Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարվառեի ամուսնական տխուր վիճակը ռուս պառավին խիստ վշտացնում էր։ Ինչո՞ւ այդ երիտասարդ ամուսնացած կինը պիտի զուրկ մնա յուր մարդուց,— մտածում էր նա և, միևնույն ժամանակ, ճանաչելով Միզանդրոնցովի վարք ու բարքը, բարվոք էր համարում, որ Վարվառեն առանց ամուսին ապրի, քան թե այնպիսի մարդու հետ։ Հաճախ նա յուր ցավակցությունը հայտնում էր Վարվառեին, մխիթարում էր նրան, անիծում էր նախ Միզանդրոնցովին, ապա բոլոր տղամարդկանց և հետո ողբում կանանց վիճակը։

— Շտապի՛ր, Մատրենա, ժամանակն անցնում է,— հրամայեց Մինաս Կիրիլլիչը մտնելով խոհանոց։

— Այս րոպեիս,— պատասխանեց պառավը, սթափվելով յուր մտքերից։

— Տիրուհիդ զարթնե՞լ է։

— Երևի, զարթնել է, ապա մի գնամ, տեսնեմ։

Մատրենան շտապով անցավ տիրուհու սենյակը։ Վարվառեն արդեն արթուն էր, բայց դեռ պառկած էր անկողնի մեջ, երեսը դեպի պատը դարձրած, ձեռները վերմակի վրա տարածած։ Մատրենան ներս մտավ թե չէ, լսեց նրա բարձրահնչյուն և հորդոր շնչառությունը։ Նա, կարծելով, որ Վարվառեն քնած է, անկողնակալին մոտեցավ զգույշ, ոտների մատների վրա։

— Դո՞ւ ես, Մատրենա,— արտասանեց Վարվառեն, դժվարությամբ շուռ գալով մյուս կողմի վրա։

— Այո, տիրուհի, զարթնե՞լ եք, վե՛ր կացեք, մենք պատրաստ ենք․ այս րոպեիս սամովարը կբերեմ, պարոնը կոշիկները հագել է։

— Սպասի՛ր, իսկույն կվերկենամ։

Այս ասելով, Վարվառեն թույլ ձեռով վերմակը ձգեց մի կողմ և ոտքի կանգնեց։ Աղախինը աթոռի վրայից վերցրեց նրա հագուստն ու մոտեցրեց նրան։

Վարվառեի ծնկները դողում էին․ նա տաքության մեջ էր, բայց չէր հայտնում։ Դողդողալով, գլուխը պտտելով, նա մի կերպ հագնվեց, ստեպ-ստեպ բռնելով անկողնակալի ծայրից, որ չընկնի։

— Տիրուհի, դուք առո՞ղջ եք,— հարցրեց Մատրենան, մի կասկածելի հայացք ձգելով Վարվառեի երեսին։