Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վարիա, Վարինկա, բավական է, ինչքան խոսեցիր, ահա, բժիշկը գալիս է։

Բայց բժիշկը չկար, իսկ հիվանդը շարունակեց․

— Գիտեմ, թե ինչու համար եք այդքան վատ աչքով նայում ինձ վրա․․․ Բայց միթե դուք չպիտի՞ ներեք ինձ, ասացեք, չպիտի՞ ներեք․․․

— Վարիա, այդպես հուզվել չի կարելի․․․ Ի՞նչ, դու լա՞ց ես լինում․․․ Ի սեր աստծո, հանգստացիր։

Թույլ, ընդմիջվող հեկեկանքին հետևեց չարագուշակ հազը։ Հիվանդն աջ ձեռի արագ շարժումով վերմակի ծայրը դեն ձգեց կրծքի վրայից։

— Ոչ, դուք ինձ այն ասացեք, չպիտի՞ ներեք ինձ,— շարունակեց նա, հեկեկանքը մի կերպ զսպելով։

Հայրը մի ձեռով բռնեց նրա բազուկը, մյուս ձեռով ծածկեց յուր աչքերն և, մի քանի վայրկյան լռելուց հետո, թույլ և դողդոջուն ձայնով ասաց․

— Ես արդեն ներել եմ քեզ․․․

Հիվանդն երեսը դարձրեց նրա կողմը։ Խորին գոհունակության ժպիտը շրթունքների վրա և ուրախության փայլն աչքերում՝ նա հոր ձեռը մոտեցրեց բերանին և երեք անգամ համբուրեց։ Հետո նա, աչքերը հառելով առաստաղին, կարծես, ինքն իրան սկսեց խոսել այսպես․

— Շնորհակալ եմ, ես արժանի չէի։ Ես նրա համար էի ուզում մորս պատկերը, որ տեսնեմ, նա այժմ էլ այնպես է նայում ինձ վրա, ինչպես առաջ, տխուր, հանդիմանելով ինձ։ Դուք բարի եք, նա էլ բարի է եղել։ Իսկ ե՞ս․․․ Գնա՛նք այստեղից։ Ես չեմ ուզում մնալ․․․ Հեռացրե՛ք ինձ այստեղից, շուտով, շուտո՛վ հեռացրեք։ Դուք կարծում եք, որ ես չե՞մ կարող ճանապարհորդել․․․ Բժիշկը սխալվում է։ Բժիշկները միշտ սխալվում են․․․ Ես այս գիշեր մի երազ տեսա, լավ երազ էր․ ես առողջ էի, զվարթ էի, ուրախ էի, մենք — ես, դուք, մայրս — միասին գտնվում էինք մի կայարանում։ Հեռու, շատ հեռու տեղ պիտի գնայինք․․․

— Ա՜խ, այս ինչ սարսափելի շոգ է, ծանր է,— շարունակեց հիվանդը, վերմակը բոլորովին մի կողմ ձգելով։— Ես ճշմարիտն