եմ ասում, որ պետք է գնամ։ Ո՞վ կարող է ինձ արգելել․․․ Ոչ ոք։ Պատկե՞րը, պատկե՞րն եք ասում։ Չէ՛ հարկավոր չէ․․․ Ես մորս գերեզմանը տեսել եմ, էլի ուզում եմ տեսնել։ Ուզում եմ ընկնել նրա քարի վրա, լաց լինել․․․ Ա՜խ, լաց լինել, ես լաց լինել եմ ուզում, թողեք, որ ես լաց լինեմ։ Սուտ է․ աշխարհիս երեսին աղջիկ չկա, որ յուր ծնողներին չսիրի։ Երանի նրան, որ կենդանի մայր ունի։ Ես չունիմ, Նատալիա Պետրովնա, ես չունիմ։ Նա ինձ կսիրեր, եթե տեսած լիներ։ նա հիմա էլ է սիրում․․․ Սիրո՞ւմ է, սիրո՞ւմ է, ասացե՛ք։ Նա ո՞վ է․․․ Դո՛ւրս, չեմ ուզում։ Նա կգա, լավ չէ․ Ստեփա՜ն, Ստեփա՜ն, Ստեփա՜ն։ Նա ինձ չի թողնում, հայրս է, արգելում է․․․ Ախ, այս ի՜նչ շոգ է․․․
Հիվանդն արդեն զառանցանքի մեջ էր խոսում։ Շվարված, երկյուղած ծերունին մերթ տեղից բարձրանում էր, ուղղում էր վերմակը, մերթ նստում էր, բռնում զառանցող դստեր ձեռը, նայում երեսին և արտասուքն աչքերին անդադար կրկնում․
— Վարիա, հանգստացի՛ր, Վարիա, հանգստացի՛ր․․․
Հիվանդը չէր հանգստանում։ Խելագարի պես արագ-արագ շուռ էր գալիս այս և այն կողմի վրա, արտասանելով ինչ-որ անորոշ և անկապ դարձվածքներ։
Ներս մտավ բժիշկը, շտապով ձեռնոցը հանեց, մոտեցավ և հիվանդի բազուկը բռնեց։ Երբեք տաքությունն այն աստիճանին չէր հասած մինչև այն օրը։
Խորին ակնածությամբ լի հայացքը բժշկի երեսին հառած, Մինաս Կիրիլլիչը մահճակալի մյուս կողմում կանգնած էր անշարժ, գունաթափ, նիհարած, մեջքից թեքված։
Բժիշկը փորձեց խոսել հիվանդի հետ։ Կարմրած, լայնաբիբ աչքերը բաց, անխոս հիվանդը նայում էր նրա երեսին։ Նա ճանաչեց բժշկին, ձեռով մի բացասական շարժում արավ, երեսը շուռ տվեց պատի կողմն և վերմակը քաշեց գլխին․․․
— Այսօր շա՞տ է հուզվել,— հարցրեց բժիշկը շշնջյունով։
Ծերունին գլխով դրական նշան արավ։
Բժիշկն անցավ սենյակի մյուս անկյունն և, ձեռները գրպանը դնելով ասաց․
— Երբ բժշկի պատվերները չեն կատարվում, ինչպես հարկը