Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միսկարյանցը հրավիրվի, գեթ այն հիման վրա, որ սկզբում նա է դարմանել Վարվառեին։

— Ձեր կամքն է, պարոն Քիրիշչիև, հրավիրեցեք, ում կամենում եք,— պատասխանեց բժիշկ Միրզախանյանցն և շտապով, բարկացած, դուրս եկավ ու գնաց հիվանդի մոտ։

Հետևյալ օրն առավոտյան տասը ժամին, հիվանդին հերթով քննելուց հետո, կայացավ հինգ բժիշկների համախորհուրդը։ Ներկա էր և բժիշկ Միսկարյանցը, հակառակ Միրզախանյանցի ցանկության։

Այդ ժամանակ Մինաս Կիրիլլիչը նստած էր Վարվառեի մահճակալի մոտ։ Լուսադեմին հիվանդը մի քանի ժամ ննջել էր․ տաքությունն այժմ թեթև էր և հիվանդի ուշքն էլ վրան։ Նա, հոր օգնությամբ, կաթն էր խմում։

Համախորհուրդը բավական երկար տևեց։ Ծերունին անհամբեր սպասում էր գիտության վերջին դատավճռին։ Նա, որի հույսը դստեր առողջանալու վերաբերմամբ բոլորովին սպառվել էր, բժիշկներին տեսնելով, կրկին լեցվեց խաբուսիկ հույսերով։ Այո, զուր չեն վիճաբանում գիտնականներն այդքան երկար միջոց, եթե հիվանդի դրությունն անհուսալի լիներ, նրանք ապարդյուն ժամանակ չէին կորցնիլ․․․ Անպատճառ, անպատճառ նրանք կփրկեն Վարվառեի կյանքը։

Եվ նա ստեպ-ստեպ ականջ էր դնում դեպի առանձնասենյակ, ուսկից թույլ կերպով լսվում էին վիճաբանողների ձայները։

Վերջապես, համախորհուրդն ավարտվեց։ Ամենից առաջ դուրս եկավ Միսկարյանցը։ Նրա հետևից դուրս եկան նաև մյուսները, ապա, Միրզախանյանցը, հուզված, այլայլված դեմքով, ականջների ծայրերը կարմրած։

Ծերունին ընդառաջ վազեց և, սեղանատանը հանդիպելով բժիշկներին, ձեռները առաջ պարզած, դողդոջուն ձայնով հարցրեց, արդյոք, փրկության միջոց մնում է։ Բոլորը տատանվելով նայեցին միմյանց երեսին, բացի Միսկարյանցից, որ այսպիսի դեպքերում ճշմարտությունը թաքցնելու խոհեմությունից զուրկ էր։

— Բժշկականությունը տկար է աստուծո կամքի առաջ,— ասաց