Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ.— Ո՞վ։

ԾԵՐՈՒԿ.— Մի սիրուն աղջիկ։

ԱՆՏՈՆ.— (Հայացքով չափում է նրան և անցնելով բարիկադի մյուս կողմը, ծխում է մտատանջ):

ԾԵՐՈՒԿ.— (Հիացած դիտում է նրան) Ի՜նչ զույգ․․․ իսկ ես ի՞նչ անեմ, թու, սատանի ճուտ, տրաքվում եմ, չեմ կարող լռել, մարդ է ուղարկել տուն, որոնում է, լալիս ու տանջվում աչքիս առաջ։ Թու, կյանքումս գաղտնիք պահած չեմ, դրա համար էլ զորաբաժնում ինձ մականունով էին կանչում, ի՛նչ արած, կենդանի մա՞րդն էլ գաղտնիք պահի, ահա խոսքերը շարվել են կոկորդումս, քիչ է մնում շնչահեղձ լինեմ։ Թու․․․ բայց շատ աղաչեց.— «Պապիկ, լռիր ու հետևիր. հաշվիր թե որդիդ է (Զգացվում է) քանի հնարավորություն կա, թող օգնեմ, մխիթարեմ, ով կարոտ է դրան․․․ Թող գթության քույր լինեմ․․․ (Թևով սրբում է աչքերն ու բարձր սրբում քիթը ցուցամատի օգնությամբ) Դեհ, լավ, թող քո ասածը լինի, տրաքվելու էլ լինեմ՝ չեմ ասի․․․ (Մտածում է ու մոտենում Անտոնին) Մի բանով չե՞մ կարող մխիթարել քեզ։

ԱՆՏՈՆ.— (Նայում է նրա խրճուկ կերպարանքին ու հեգնանքով) Ինձ չեն մխիթարում․․․

ԾԵՐՈՒԿ.— (Զարմացած) Ապա ի՞նչ են անում։

ԱՆՏՈՆ.— (Անտարբեր) Ես էլ չգիտեմ։

ԾԵՐՈՒԿ.— Տեսնո՞ւմ ես. (Մտածում է վստահ ու ինքն իրեն) Ինչպե՞ս սկսեմ։

ԱՆՏՈՆ.— Ի՞նչ ես ուզում։

ԾԵՐՈՒԿ.— Ինչո՞ւ համար են կռվում բանվորները։

ԱՆՏՈՆ.— (Անտարբեր) Ազատության:

ԾԵՐՈՒԿ.— (Լուրջ) Ես այդ գիտեմ։

ԱՆՏՈՆ.— Էլ ինչո՞ւ հարցրիր։

ԾԵՐՈՒԿ.— Բայց չէ որ աստված ասել է՝ «Մի՛ սպանիր»։

ԱՆՏՈՆ.— Նա, ում որ ասել է, նրանք չկան այժմ, իսկ եթե մեզ լավ գիտենար, մեզ էլ չէր ասի։

ԾԵՐՈՒԿ.— Նա այդ կտակել է ամբողջ մարդկությանը։

ԱՆՏՈՆ.— Մարդկությունը, կյանքն ու պայմանները, փոխվում և փոխվել են դարերի ընթացքում, իսկ նրա կտակը մնացել է միշտ միևնույնը, չի փոխվել, դրա համար էլ չի հարմարվում մեր կյանքին, մարդկային տառապանքի պատմությունը ցույց է տալիս, որ նա այդ քայլն անելու, այսինքն իր կտակը փոխելու երբեք տրամադիր չի եղել և չէ․․․ իսկ մենք ահա ոտքի ենք կանգնել ուղղելու նրա դարավոր սխալը, հասկացա՞ր․․․

ԾԵՐՈՒԿ.— (Հիացած) Իսկ հետո՞։

ԱՆՏՈՆ.— Ի՞նչ հետո։