Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անիծո՞ւմ է, թե՝ օրհնում․․․ Իսկ կյանքը, որ արդեն ամաչում էր նրանից, ոչինչ չէր նյութում նրա համար։

— Նյութելու էլ բան չէր մնացել,— ասում էին գիտեցողները։

7

Ասում էին, որ նա ապրել է քաղաքում, հոյակապ տան մեջ, շրջել սեփական կառքով ու նավով, կերել-խմել ոսկի, արծաթ ամաններից, քնել փափլիկ-փրփուր անկողնու մեջ․․․ Ասում էին, թե նրա այն թևը, որ հիմա բուբլիկներով լի զամբյուղ է կրում, բռնած է եղել միլիոնատեր շռայլ մի խենթ, զարդարել նրան ադամանդների շարաններով․․․ Թե նրանք ապրել են մի ամբողջ կյանք խնջույքի ու խրախճանքի մեջ, սիրուց ու հեշտանքից գինովցած ու․․․ ասում էին․․․

—Ինչե՜ր չեն կարող ասել մարդիկ ինձ համար․․․,- պատասխանում էր խուլ ու բեկբեկ ձայնով տատը։— Մարդիկ ասում են և՛ լավը, և՛ վատը․․․ Դե՜հ կյանքն էլ այդպես է՝ և՛ լավ, և՛ վատ․․․ Ու ի՞նչ․ այդպես է․․․ Փոխի՛ր, եթե կարող ես․․․ փոխի՛ր, որ միայն լավ լինի․․․— Ու լռում էր․ նրա փոքրիկ, սիրուն բերանը, կասես, գերեզման լիներ․․․ Այդպես էր․․․ ինչո՞ւ բանալ գերեզմանը, խանգարել մեռելների հավերժական հանգիստը․․․

8

― Խմի՛ր,― խնդրում էին կիրակի և տոն օրերը ծեր բանվոր-բանվորուհի։— Խմի՛ր, ցավդ մեղմանա, մոռացվես․․․։— Եվ ոչ ոք չէր ափսոսա իր բաժնից հանած և տատին կարկառած լիքը բաժակը։

― Խմի՛ր, տա՛տ, ցույց տուր տեսնենք ձեր դարում ինչպես էին խմում մարդիկ,— կատակ էին անում ջահելները։

Տատ Արինան սրտնեղ նայում էր բանվորներին և հանդարտ շարժում զառամյալ գլուխը։

— Վերքը օղով չեն լվանա, անմիտներ․․․ կրած դառնությունը չեն տա մոռացության, որ չկտրատվի վրեժի թևերը․․․

Ձմռան երկար ու ցուրտ գիշերները, երբ մարդկանց այդպես ճնշում է գարնան կարոտը, երբ մարդիկ լավ են հասկանում միմյանց և շուտ մտերմանում իրար հետ՝ բանվորները հավաքվում էին տատի մոտ և գիշերները կարճում արգիլված խոսքի հուզիչ աղմկով․․․

Տատը ակնապիշ լսում էր նրանց, խանդավառ ժպտում ամենքին, իսկ երբ բանվորները ցրվում էին իրենց տները, նա դուրս էր գալիս փողոց և մթի մեջ բռունցքը ճոճում քաղաքի կողմը․

— Ո՜ւհ․․․ անիծված․․․