Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենսուրախ աղմուկը խառնվեց բները շտկող թռչունների կայտառ ծլվլոցին․

― Տա՛տ․․․,― ասաց կտրիճ Միշան ու տխուր նստեց Արինայի կողքին, թմբի վրա։

― Տա՜տ,― կրկնեց նա սաստիկ հուզմունքից բեկբեկ ձայնով,― սիրում եմ Կլարային․․․ ի՞նչ կասես դրան․․․

Տատը սարսափից կծկվեց նստած տեղում, կարծես գործարանի հսկա ծխնելույզը փուլ եկավ նրա գլխին։

― Տատ,― աղերսեց տղան,― շատ եմ սիրում․․․ կխելագարվեմ․․․― մի խոսք ասա․․․ ամոքիր․․․

― Իսկ ե՜ս․․․,― ճչաց տատ Արինան,― իսկ ես ո՞ւմ սիրեմ, անմիտ տղա,― ու կես դար խրատող, ամոքող տատը կարկամեց, խոսք չգտավ սիրտ տալու թաղամասի ամենալավ տղին․․․

17

Շաբաթ երեկոները, երբ թաղամասը մաքրվում էր մի շաբաթվա աղտ ու կեղտից, երբ կանայք իրենք-իրենց կորցրած մի ամբողջ շաբաթվա թերություններն աշխատում էին գլուխ բերել մի քանի ժամում, երբ սուլիչի սուր ձայնը ինչ-որ ճնշող ուժով տարածվում էր օդում, և լծից արձակվում էին հոգնած, հյուծված բանվորների վաշտերը, երբ առատ վատնածի ու չգոհացած վաստակի առթիվ մի անբարբառ պատմություն ունի աշխատավորի մարմինն ու հոգին, գործարանից օղետուն հարթվում էր մի սայթաքող ուղի, որով հետ դարձողը խառնում էր իրար իր չարն ու բարին և կռում իր հոգսերի շղթան երկարացնող մի օղակ ևս․․․

Միշան մաքրված, լվացված, ոսկի գանգուրները կոկած նստում էր պատի տակ, տատի հյուղի դիմացը և գարմոնի տխուր ելևէջներով դուրս թափում չարտասանած մորմոքների մի հեղեղ։

18

Տատ Արինան զայրացած կուչ էր գալիս մի անկյունում ու մտքում անարգում հանդուգն տղային, որի նվագած երգերի միտումնավոր շարքը գաղտնի չէին սրամիտ պառավի համար։ Նա մի քանի անհաջող փորձեր էր անում հեռանալու մի պահ, չլսելու հարմոնի ձայնը, սակայն չէր կարողանում, ուժ չուներ։ Սրտամաշ ելևէջները գերում էին նրան, օրորում, գուրգուրում, վեր թռցնում ինքնամոռացման այն թմբիրից, որտեղից սկսվում էր հուշերի և ապրածի մեծ ծովը․․․

Ու խեղճ տատը անզորացած «կլանում» էր նվագը ու մոռանում ինքն իրեն։ Ահա հեռո՜ւ հեռուն մոռացության մշուշի մեջ կորած հայրենի գյուղը․ լայն փողոցի ծայրում երևում է ցածլիկ ու նեղ խրճիթը եղեգնյա կտուրի ծանրության տակ կուչ եկած, չարքաշ մայրը։