— Լռի՛ր, լռի՛ր, անմիտ աղջիկ,— սաստում էր գունատ ու բոլորովին կուչ եկած տատ Արինան,― իմ ճամփով գնացիր․․․
Կնճիռները դողում էին նրա դեմքի վրա ու էլ ոչ մի լույս չէր ճառագայթում նրա պղտոր աչքերի մեջ։
— Տատ, հավատա, շուտով նա ինձ համար մի գեղեցիկ տուն է գնելու, հենց այնտեղ էլ ապրելու ենք պսակվելուց հետո․ տեսնո՞ւմ ես։
Տատը վեր էր կենում և արտասուքը կուլ տալով․․․ բռնում էր հյուղի ճամփան։ Մեծ քաղաքի լայն ու կոկ փողոցները ճնշում էին նրան, տիրող անց ու դարձը, ձիերի դոփյունը, էլեկտրաքարշի անդուլ աղմուկը մի հրեշի հռհռոց էր թվում նրան, որ հետապնդում էր ու շշնջում դիվային քրքիջով․— Տատ, այ տատ, էլ սիրուն աղջիկ չունիս, էլ սիրուն թոռ չունիս, բեր տուր մեզ, մենք նրան գինի կտանք ոսկե բաժակիդ, մենք նրան կհագցնենք բեհեզ ու թավիշ, մենք նրա մատներին ադամանդներ կշարենք ու կպարենք նրա հետ վայելքի պարը, մինչև որ հոգնի, կաշին թուլանա ու կախվի դատարկ պարկի նման, մինչև որ լինի քեզ նման զառամյալ, թույլ, անտեր, անմխիթար։ Տատը արագացնում էր իր թույլ քայլերը և այդպես հալածվելով հասնում էր իր թաղամասը և դողդոջ ձեռքը ճոճալով դեպի քաղաք՝ շշնջում էր ատամները կրճտացնելով.
— Ո՜ւ, անիծված․․․
Եվ ալեկոծ ապրումների սանձն արձակելով մտնում էր բանվորների մոտ, անարգում նրանց, հաճախ անպատվում։
— Գրաստներ եք, լծկաններ, օղին ճզմել է ուղեղներդ, իսկ սրտերիդ մեջ լքումն է տեր դառել։ Քաղաքը ծծում է ձեր քրտնքի գնով ծորող ոսկին, որ հենց այդ ոսկով էլ հրապուրում է ձեր աղջիկներին՝ ցոփ գիշերների համար․ անմիտ մարդքիկ, ինչո՞ւ եք լռել, ո՞ւմ ես սպասում․․․ Կանգնեցրեք բոլոր անիվները․ աշխատանքը թող մեռնի երկրի երեսին և երկրի մութ խոնավ խորշերում․ թող սովն ու մահը մտնեն քաղաք․ ավերեն շեն փողոցներն ու պալատները, քար քարի վրա չթողնեն, իսկ դուք նորից գործի կանցնեք և կշինեք նորը․․․ Լսո՞ւմ եք, նորը, որ անիրավ կյանքը չհամարձակվի տրորել կենդանի մարդուն ու խլել այն ինչ որ ամենանվիրականն է․․․
— Տատ, սիրելի՜, մենք այդպես էլ անելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր,— հանդարտացնում Էին նրան բանվորները։
— Այդպես Էլ անելո՞ւ եք,— ծաղրում Էր տատը։— Անմիտ մարդիկ, չե՞ք տեսնում, որ օրըստօրե ինչ-որ փլչում Է կրծքիս տակ, երբ գիշերը քուն եմ մտնում, վեր կենալու հույսը մարած Է հոգուս մեջ։ Էհ, մխիթարել չգիտեք, ու կմեռնեմ այսպես, մեծ քաղաքի լպիրշ քրքիջը ականջիս․․․