Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ ես վերագրում իմ այն ժամանակվա կրոնասիրությունը։ Տարրական կրթություն ստացել եմ տեղական հայկական դպրոցներում և ռուսական պրոգիմնազիայում․․․

1893 թ. ես ընդունվում եմ հայկական սոց<իալ> դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ։

Աշնանը կազմակերպեմ եմ հեղափոխական խմբակ (եթե չեմ սխալվում՝ առաջինը) 18 հայուհիներից բաղկացած, իսկ <18>94 թ. գարնանը պատրաստվում եմ փախչել Հայաստան և աջակցել նրա ազատագրմանը թուրքական լծից։

Ես անսահմանորեն սիրում եմ աշխատանքը և նրա անմիջական արտահայտման մոմենտները։ Ամառվա արձակուրդների ընթացքում ես աշխատում էի տնայնագործ ջուլհակի հետ, պրիմիտիվ հաստոցի վրա, ոտքերս կախած սառը փոսի մեջ։ Աշխատում էի բրուտի կնոջ մոտ՝ կավից ծեփելով կճուճներ, թոնիրներ, գնում էի «դեպի ժողովուրդը» անվարժ ձեռքերով, ստանձնելով դաշտային ծանր աշխատանքներ։

Պատահում էր հայրս խնայողության համար իր «գործարանը» փոխադրում էր տուն, ես աշխատում էի նրա մոտ գործավարձով, պահանջելով իմ աշխատավարձը մինչև վերջին կոպեկը: Այդ բանը նահապետական ավանդություններով դաստիարակված մայրս համարում էր «անհարկի վերաբերմունք դեպի ծնողը և վերագրում վատ գրքերի ազդեցությանը»։

Դեռ այն ժամանակ ինձ ապշեցնում էր մարդկանց անհավասարությունը։

Մաշիկ կարող հայրս աշխատելով վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, վաստակում էր շաբաթը մի քանի ռուբլի, նրա ենթավարպետը՝ մեկ ռուբլի քսան կոպեկ, աղան՝ հինգ կոպեկ, իսկ վաշխառուն՝ բոլորից շատ և այն էլ առանց աշխատելու։ Նա ինձ մխիթարում էր, որ բոլորի համար հավասարությունը հանդերձյալ կյանքն է, երկինքը։

1896 թ. տեղական փոխանորդի օգնությամբ պատրաստվում եմ գնալ Թիֆլիս, Մոսկվա սովորելու։ Ուղևորությունը չի հաջողվում. փոխանորդին վտարում են «ոչ այնքան հեռավոր վայրեր» հեղափոխական արարքների համար։

1899 թ. օգոստոսի 15-ին լույս տեսավ իմ առաջին բանաստեղծությունը. ես ռուսահայերի մեջ առաջին բանաստեղծուհին եմ։ Լիրիկական երգերում գովերգում եմ իմ բազմաչարշար ժողովրդի վիշտը, իմ հայրենիքի ձյունածածկ լեռները և հորդառատ գետերը․․․

1903 թ. ես տեղափոխվում եմ Ռուսաստան։ Դա մասսայական գործադուլների ժամանակաշրջանն էր հարավում։ Հիշում եմ, գարնանային խաղաղ երեկո էր, ես երեխաների հետ, կարկանդակի կապոցը ձեռքիս դուրս եկա խանութից։ Մրից սևացած մարդկանց բազմությունը, կապույտ,