Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուղոտված բլուզներով, հզոր երգերով և կարմիր դրոշակներով մեծ փայտերի վրա, կուռ շարքերով գալիս էր կայարանից։

— Ովքե՞ր են դրանք,— հարցնում եմ գոգոլյան տիպի ծեր ինտելիգենտից։

— Ռուս պրոլետարիատը․․․ Տեսնո՞ւմ եք, ցույց է։ Երեկ թռուցիկ են բաց թողել, իսկ այսօր իրենց են ցույց տալիս։

— Իսկ ի՞նչ են ասում նրանք թռուցիկներում,— հետաքրքրվում եմ ես։

— Պահանջում են 8 ժամյա աշխատանքային օր և որպեսզի գործարանատերը իրենց հետ խոսի «Դուք»֊ով,— քմծիծաղ է տալիս նա։

Մայիսի 1-ին բանվորների կուռ շարքերը ինչպես տարերք, ինչպես ալիք, ինչպես կատաղի հոսանք տիրաբար առան ինձ ու տարան․․․

Ուշ երեկոյան վերադարձա տուն հոգնած, փոշոտված, վերածնված, և ես նկատեցի, որ իմ սրտի, հոգու լավագույն մասը մնաց նրանց հետ անվերադարձ, հավիտյան․․․

Այն ժամանակից բանվորների ելույթները, միտինգները, ցույցերը, մանիֆեստացիաները, ժողովները ինձ վրա ունենում են մոգական ազդեցություն, և ես գնում եմ նրանց ետևից, նրանց կողքով, առերևույթ նրանց օտար, սակայն բոլորից մոտ․․․

1905 թվականը իմ վերածնման տարին էր։ Ռուսական հեղափոխությունը և պրոլետարիատը բաց արին իմ առաջ պրոլետարական իմաստության բոլոր թաքստոցները և իմ հայրենիքի երգերը օրեցօր նսեմանում էին։

1907 թ. Ն. Նախիջևանում հրատարակվող «Նոր կյանք» հանդեսի դեկտեմբերյան № 27֊ում լույս տեսավ «Հանգցրեք ջահերը» իմ հայտնի պրոլետարական բանաստեղծությունը, այնուհետև «Արշալույսի ղողանջները»՝ իմ առաջին ժողովածուն։

Ես բանաստեղծներից ամենաերջանիկն եմ։ Իմ երգերը համարձակորեն գնում են խրճիթները, ֆաբրիկաներն ու գործարանները։ Պրոլետարիատի գիտակից մասի հետ ես կապված եմ պայքարով, գալիք լավագույն օրերի հույսով․․․

1917 թ. հեղափոխությունը ես դիմավորեցի Ուկրաինայում։ Դարձյալ ես նրանց հետ եմ, առերևույթ նրանց օտար, բայց բոլորից մոտ․․․

Իմ երգերը չեն գնում ռուսական և ուկրաինական խրճիթները ու գործարանները, որովհետև ես գրում եմ նրանց անհասկանալի լեզվով և չունեմ ունկնդիրներ․․․

Կեցցե՛ ռուս և ուկրաինական պրոլետարիատը։

Կեցցե՛ աբողջ աշխարհի պրոլետարիատը։ Կեցցե՛ պրոլետարիատի դիկտատուրան։

1920 թ. Խարկով