Ռուսական առաջին հեղափոխության շրջանում, հայ մարքսիստների փոքրիկ ընտանիքի երևան գալը, իր փայլուն գործունեությամբ, հայ իրականություն կոչված մղձավանջի մեջ, մի փոթորկալի և հույժ ուշագրավ երևույթ էր, որ իր անուրանալի հաղթանակի փառքով էջեր է գրավելու մեր նորագույն պատմության մեջ։
Նա էր, որ կարող ուժով և բացարձակ ըմբոստությամբ մրրկեց կյանքի, գրականության հնամյա թմբիրը, պատռեց դավաճանների դիմակը և սանձահարեց տնաբույս դեմագոգների լկտի հոխորտանքները, որոնք մինչև այդ այնպես տիրաբար ու միահեծ խաղում էին «ամբոխային տրամաբանության» հետ՝ պայքարի ասպարեզներն ապահովելով արատավոր ինքնակոչների ու բախտախնդիրների համար միայն․․․
Ո՞վ կհանդգնի ուրանալ, որ մարքսիստների հրատարակած «Կյանքը», «Ձայնը» իրենց օգտաշատ հրատարակություններով, Բաքվի պարբերականները, նոր դպրոց, հանգրվան ստեղծեցին մի շարք, անղեկ ու անթի դեգերող ինտելիգենտների համար, որոնք հոգու բուռն թափով ատելով հանդերձ անանուն կուսակցության ստորաքարշ քաղաքականությունը, տիրող բռնակալ հասարակարգի ճնշման տակ, զուրկ սկզբունքային հենարանից, անջատ ու ցրիվ կարոտ էին փրկարար ելք խոստացող ձայնի։
Այդ ելքի ուղին հարթողների շարքում պատվավոր տեղ ունի բռնած հանգուցյալ ընկ․ Ալ․ Ռուբենին։
Ալ․ Ռուբենու―Ծատուրի հետ, ինչպես անվանում էին նրան ընկերները, ես ծանոթացա Ն․ Նախիջևանում, 1909 թվականի աշնանը, ընկ․ Ալ․ Մյասնիկյանի միջոցով։
Պառկած էի, երբ լսեցի Մյասնիկյանի ձայնը․
― Ալեքսնադր Ծատուրյանը ուզում է տեսնել ձեզ,― հայտնեց նա շեմքից և իմ դեմքին ինչ-որ նշմարելով, ավելացրեց իսկույն,― իհարկե, բանաստեղծը չէ․ հասարակ մահկանացու―он же Ռուբենի։
― Գրու՞մ եք,― հարցրեց Ռուբենին, նստելով ինձ մոտ։
― Գրում եմ,― պատասխանեցի ես զարմացած։
Սովորական ողջույնի, համակրանքի շաբլոնը, որ ծանոթության առաջին պահին վատնվում է բանաստեղծի ներկայությանը, որպես պարտադիր տուր գեղարվեստը սիրողների կողմից՝ չկար․․․
― Գրեցե՛ք, աշխատեցեք կատարելագործել ձեր տաղանդը, որեսզի գեղեցիկ կտորների կողքին լույս չընկնեն թերություններ։
Ես սաստիկ հետաքրքրված թեքվեցի դեպի նա։ Ռուբենին նկատեց այդ, տարօրինակ ժպտաց։ Թվաց ինձ, որ լուռ խաղալով քթի հետ,