Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հովերուն մեջեն, հուսահատորեն,
Թիարանին դռներն ապաստանեցան։
Ո՞վ գիտե, հովերը ե՞րբ, ե՞րբ պիտի դադրին,
Ու մինչև ե՞րբ աղաղակները պիտի շարունակվին
Լքված անասուններուն,
Հեռավոր ճամփաներեն անգին։
Փլած կամուրջե մը հարսնևորները կանցնին...
Ու փայտե սրունքներով կույրեր կաճապարեն
Ջրանցքին քարափներեն, տաժանորեն դեպի վար,
Վերջապես հասնելու համար
Սահանքներուն բերանը,
Ուրկե՝ խեղդվողներուն ձայները բոլոր մեկեն
«Օգնությո՜ւն, օգնությո ւն» կ՝աղաղակեն...
Ու կարծեմ թե բոլոր կրոնավորները վանքերուն
Այս իրիկուն,
Երկարորեն աղոթելե ա′լ հուսահատ
Բոլորը մեկ՝ մոլախինդե գինով՝ կվախճանին։
Ու դարմանատան բոլոր՝ անբուժները,
Մութ երկնքին վրա անօգուտորեն ու երջանկորեն
Գիշերներով իրենց հույսին աստղերը փնտրեցին...։
Ո՞վ գիտե, հովերը ե՞րբ, ե՞րբ պիտի գագրին,
Ու մինչև ե՞րբ նայվածքները պիտի շարունակվին
Լքված հիվանդներուն,
Ժամանակներե ի վեր արդեն մեռած աստղերեն անգին։
Ու այս բոլորին, այս ամենուն
Հոգեվարքներն ամբողջովին,
Ու ցավերը տրտմած անասուններուն,
Դանդաղորեն, իմ ներսիդիս կսուզվին...։


23. ԱՂՈԹՔ Կարապները թունավորված լիճերեն, այս իրիկուն հուսահատորեն

գաղթեցին,

Ու տրտում քույրեր, թիարանին պատերուն տակ, եղբայրներ

կ՝երազեն...