Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրենց արծաթե կողովները ծաղիկով լեցուն,
Այցի գացին գյուղի անձկոտ աղքատներուն։
Գիշեր մը ամրողջ անհունորեն,
Հիվանդներու քով հսկեցի.
Ու անտառին մեջ թափառող բոլոր կույրերն,
Երկյուղածաբար, այս իրիկուն,
Մարմարե բագինն առաջնորդեցի։
Թիապարտները ամայի պարտեզին մեջ կպտտին,
Իրենց շղթաները լուսնին տակ հնչեցնելով.
Ու քաղցրորեն, սահող գետերու կխորհին,
Չհնձված կանալ դաշտերու,
Ու մայրերու, որ իրենց ծաղիկներ ու լամպար մը կպատրասաեն.․․։
Հեռավոր ջուրի մը եզերքը քանի մը դագաղ գամեցին,
Հավիտենական ոսկի մուրճերովը Խենթության։
Ու կարծեմ թե բոլոր գթության քույրերն
Ճերմակ կտավներ կկարեն,
Անձրևի իրիկուն մը,
Վրանի մը տակ, ուր վիրավորներ նայվածք նայվածքի կքնանան...։
Մառախուղին մեջեն գառնուկներու խումբ մը անցավ,
Որ հիմա, տխուր, դեպի սպանդանոց կաքսորվի,
Անդամահատվող անմեղ, պայծառ տղաքներու ճիչերով․..
Ու բարեկամներս թունավոր ծաղիկներ քաղեցին,
Իմ հեռավոր գերեզմանս զարդարելու համար։
Ու փոթորկի գիշեր մը թշնամիի մը ձեռքը եղբայրաբար սեղմեցի,
Հյուծախտավոր աղջիկ մը համբուրելէ առաջ։
Օ՜, բայց ես լամպարս հիմա պիտի մարեմ,
Ու բոլոր փեղկերը պատուհաններուն՝
Ամենը մեկ պիտի փակիմ շտապով,
Ագռավներու բոլոր քրքիջներուն դիմաց՝
Որ խավարին մեջեն, ա՜յն չափ մահագուժորեն,
Այս իրիկուն դեպի հոգիս կթևեն․․.։
Ու վազը քեզի հետ արյունոտ գետը նավարկե՜նք,
Արշալույսեն առաջ, արյունոտ գետը նավարկե՜նք,
Հասնելու համար, ո՞ւր, չեմ գիտեր, թերևս հոն,
Ուր դուն ալ, ու ես ալ, ու ամենքս ալ Հանգիստը պիտի գտնենք։