Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25. ԳԻՇԵՐ ՄԸ

Ավերումի գիշեր..․.
Հեռուներեն մահազանգակի ցնորաբեր ձա՜յն։
Սպանդանոցի խորունկ վախ մը դռներուն ետև,
Ու գետնափորներու մեջ մոխրի վրա աղոթող այրի կիներ
ծնրադիր...
Դուրսը թիարանի պատրական լռություն մը կհավերժանա.
Ու քարանձավներեն ստվերներ վար կթավալին՝
Գինով ոճրագործի այսահար ամբոխներու նման...
Բոլոր պատուհաններուն լույսերն ավրված ալքերու տանջանքն
ունին․․․
Ու կարծես բոլոր աստղերն ալ խավարին մեջ կխեղդվին։
Օ՜, պետք Է գթալ այն մենավոր հոգիներուն որ կվախնան՝
Զուրի մը խորը տեսնված ծաղիկներու կերպարանքներով,
Ու մանավանդ անոնց, որոնք այլուր ըլլալ կուզեն,
Հիվանդ անդամալույծներու այլաբաղձություններով թրթռուն։
Բոլոր ամուրիները հողեն հանված մարմիններու սարսափն ունին,
Ու բոլոր նորածինները հեռավոր մայրեր կերազեն.․․
Օ՜, այդ բոլոր որբ հոգիներն որ իրարու մեջ կնային
Քնաշրջիկներու խոլական ու հայցող նայվածքներով,
Անկարող իրարու մեջ ապաստան մը գտնելու...
Ու այնքան նման այն մահամերձներուն,
Որ մեկմեկու նայվածքի տակ իրենք իրենց մահը կտեսնեն․․․
Ավերումի ցնորաբեր գիշե՜ր...։
Ու տարօրինակ երազ մը գյուղացիներն հաճախեց.
Ուխտավորներու երկայն վերարկուներով,
Գետին ափերեն, դաժանորեն մեռելական,
Ոտքերնին բոբիկ,
Ու իրենը ձեռքերն արծաթե խնկամաններ բռնած՝
Շա՜տ բարեպաշտօրէն,
Դեպի փրկարար Ուխտը ճամփա կելլեն։
Հավիտենական վախեն զգայախաբ,
Ամբողջ գյուղն երազի մեջեն, խաչակնքելով կփախլի,
Կույր ոչխարներու ճերմակ հոտերուն նման
Որ փոթորկի գիշեր մը, աճապարանքով ջուրե մը պիտի անցնին․․․