Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավերումի ու արյունի գիշե՜ր․․․
Օ՜, նայեցեք,
Եփրատին զահանդական եզերքներեն
Բորենիի աչվըներով մարդակերներուն շտապը՝
Երազին վրայեն, ձորերն ի վեր,
Անհունորեն, դեպի գյուղ...
Օ՜, այն ընդհարումներն ոսկորի ու սուրերու,
Ու իրենց գիշատողի շարժումներեն
Խուլորեն կարձագանքվին
Լեռներուն տակն ահարկու։
Ու իրենց նայվածքներն մանավանդ,
Ու ակռաներնուն խշրտուքը սղոցվող մարմարի,
Ու մրրկումը զանգվածեղ խուժանին,
Որ տեղափոխվող անտառներու ցնորքն ունի․․.
Ու բոլորը մեկ Արյունը կերդեն...
Ու բառերը իրենց հովազի բերաններեն մթին,
Հանկարծորեն կտրված վերքերու նման,
Քարերուն վրա ծանրորեն կիյնան...։

Ավերումի ու արյունի գիշե՛ր...
Օ՜, բոլորդ մեկտեղ անմիջապես աղոթքի կեցեք,
Ո՛վ դատապարտվածներու ցավագին եղբայրներ.
Ինձի այնպես կուգա որ ամբողջ գյուղը սարսափահար արթնացավ...
Ու հիմա բոլոր մարմիններն իրարու կփաթթվին,
Ոոլոր նա յվածքները իրար կպաղատի՜ն...
Ու բոլոր բազուկներն խելահեղորեն պարապը կերկննան...։
Ու ամենը մեկ, մահագուժորեն «ԱստվաԷ՜ծ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ
Կաղաղակեն...

Ավերումի անդառնալի գիշե՜ր...
Ագռավներու հանդիսավոր խենթություն մը գյուղին վրա...
Ու արծիվներու ճերմակ արվականներ անոնց հետ։
Բոլոր թաղերն ածխահանքերու երևույթն ունին,
Ու օդին մեջ արյունի ու մոխիրի նախիր մը կհևա...
Դիակնե՜ր, դիակնե՝ր, ու մարմիններե բաժանված գլուխներ,
Դևերու ամեհի ու անձայն նայվածքներով,
Ահեղորեն, սև պատերու երկայնքն ի վեր կաշտարակվին...