Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

O՜, լսե՜ք, հոգեվարքներուն հեծկլտանքը այս բոլորին մեջեն...
Կարապներու սպիտակ կոտորածի մը անչափ նման,
Ու կիսամեռներուն մտածումը որ իրար կճանչնան...
Ու անոնք, որ իրար փրկել պիտի ուզեին,
Կույսերու նման որ ձյունի օր մը, վանքերու մեջ կգլխատվին...։
Կարծես խավարներուն հավերժությանը մեջերեն
Հեռավոր դահիճներ արյունի սահանքը բացեր են,
Աշուններու բոլոր դժգույն հոգիներուն վրա,
Ու այգիներուն բոլոր պայծառ ավազաններուն մեջ,
Ուր հիմա անգամի մը համար,
Արյունին ոգեկոչող հավաքումին տակ,
Տիրական Մահը, Մտածումները ու բոլոր չբացատրված Սերերը
Նայվածք նայվածքի պիտի գան.․․
Գերեզմաննոցներուն վրա, արշալույսին մեջեն,
Հինավուրց ուրվականներն այսպես երգեցին.

«Խաղաղությո՜ւն անոնց որ գերեզման չունեցան,
Ու խաղաղությո՜ւն անոնց ալ որ հոգեվարքե կտանջվին․․․»։
1899 Փարփզ

26. ՀՈԳԻՍ

Ահավասի՜կ հոգիիս ջահերը որ վայրկյան առ վայրկյան,
Մտածումս կարեգակեն՝ զանիկա խավարին մեջ սուզելե հետո...
Հոգիս ա՜ն է որ բյուրավոր անգամ ձեր ամենուն ցավն ապրեցավ,
Ա՜ն է որ անդունդի մը մեջ՝ իր մոխրին վրա ծնրադիր՝
Հարազատ ու շղթայակապ քույրերու աքսորը կուլա...
Հոգիս այն վա՜յրն է, ուրկե արյունռուջտ լուսին մը բարձրացավ
Անմեղներու կոտորածեն ծովացյալ դաշաի մը վրա...
Ու ա՜յն հողմակոծ անտառն է, որուն ավազաններուն շուրջ՝
Օ՜, եղբայրական արյունի հեղեղներ կհոսին...
Հոգիս այն երկիրն է, ուր որբ և սևահեր տղաներու բազմություններ,
Անարդար սուրերու շողյուններեն հալածական,
Ազեխարշ ճիչերով փլատակներու մեջեն կփախչին...