Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու պաշտամունքի բուրվառներ դանդաղորեն խնկարկելով։
Օ՜, իրենց կարավանը դժգույն միստիկ ուխտավորի.
Որ ա՛յնչափ երկյուղած ու մահագույժ ու խոհուն
Դեպի նվիրումը աստվածային Ցավին, անհունորեն կերկարի,
Այս գիջեր, հսկումեն հետո, Մեռելոցի իրիկուն։
Օ՛, անոնք հոն բոլորն ալ իրենց մահերը պիտի ճանչնան,
Հոգիիս անդնդային մեռելաստանին վրա,
Անսահմանորեն իրարու հետ, ճակատ ճակատի…
Ու արդեն, խելակորույս բոլորը մեկ,
Գերեզմաններուն վրա ծունկի եկած՝
Մեռելներու հաճախանքեն իրենց հոգիներն ահաբեկ,
Որ գլուխնին ձեռվընուն մեջ ու աչվընին փակած
Իրենց ցավին տարփավորի արյունը կուլան…


Օ՛, չըլլա որ երբեք այս գիշեր իմին վրա մաածեք…


Աստվա՜ծ, մտիկ ըրեք սա ընդհարումները մարմիններու,
Ու բոլոր որբերը որ ա՛լ կփաթթվին
Փոթորկորեն գերեզմաններեն բարձրացող ամեհի կմախքներուն…
Ու այն բոլորին ճիչերը որ իրար կճանչնան…
Ու անոնցը որ խենթորեն իրար կփնտռեն…
Ու դեռ իրարու ետևե,
Բացվող հողերուն մրրկումը ասոնց հետ,
Ու անոնց աղերսը որ դեռ իրար կուզեն…
Ու երդումները անոնց որ ա՛լ իրար պիտի պաշտեն առհավետ…
Ու անոնք որ իրար երբեք չճանչցան…
Ու դեռ անոնք որ մեկմեկու մեջ՝ ինքզինքնին պիտի գտնեին,
Ու անոնք որ վերջապես այս գիջեր, այնչափ չարաշուքորեն իրարու
բախեցան,
Ու փախուստը անոնց, այս ամենուն, այս բոլորին
Իրարու մեջե, մահագուժորեն վայրագ ու խոլական,
Դեպի ո՛ր հեռավոր հորիզոններեն իմ հոգիին
Կամ դեպի ո՛ր Աստվածը թերևս ավելի ոճրական,
Ալ վերջապես, եղբայրաբար ըսէք,
Այսպես իրարու մեջե, բոլորը մեկ պիտի երթան…։

Չըլլա՛ որ այս իրիկուն երբե՛ք իմին վրաս մաածեք։