Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ու նորեն մեր այսչափ ատեն,
Խավարով ու հողով ու հուսահատությունով լեցուն,
Մեր կոպերուն տակ, այս պահուն,
Մեր նայվածքները լիճերու նման կբացվին,
Ու մեր խեղճ շրթունքները մահեն տրորված,
Օ՜, գթացե՜ք, ձեր հրավառ ճակատներուն եղբայրությանը պետք

ունին...։

«Մեր գերեզմանի քարերն ու խաչերն արյունլվա,
Որոնք մեր մահը ու այս կյանքը մեղի հետ ապրեցան,
Սպասեցեք որ ձեր դյուցազնի գլուխներն անոնց վրա
Գեթ վայրկյան մը զարհուրանքեն իրենց խոնջենքը հանգչեցնեն.․․։

Նորեն կըսենք, մենք անոնք ենք, որոնք օր մը փրկանքի
Իրեց կյանքը ձեզի համար Եղեռնին տվին...
Ու անոնք դարձյալ, որոնց դուք ձեր այսօրվան երգերովն ամեհի,
Ավերակներու ծանրությանը տակ ուր ցավին հետ վատաբար

կկքեինք

Ձեր արարչագործ շունչովը մեղի կյանքը տվիք։

«Ուրեմն ձեր երգերը մեր երգերը թո՛ղ ըլլան,
Բայց թույլ տվեք, որ ձեր ամեն մեկուն պատյանեն մերկացած

սուրը պողպտտե,

Սա մեր քարուտ, ու դաժան, ու մութ ու անողորմ ճամփան,
Ծիածանի մը հանգոն մինչև նպատակը լուսավորե..․»։

Ու ես բլուրներուն վերեն ու դաշտավայրին վրա,
Անհունորեն ոտքի′ , ինչպես աշտարակ մը գրանիտն,
Տեսա որ, բյուրավո՜ր ու բյուրավո՜ր ծննդաբեր մայրերը սևահեր
Իրենց նորածին զավակները ձեռքերնուն մեջ ու խելահեղորեն

դեպի վե՜ր

Արյունոտած հորիզոններուն ամբարցուցին,
Զանոնք առավոտին ճառագայթներուն խորը մխրճելով,
Աստվածածին լույսերուն մեջ մկրտելու համար...։
Ու բոլորը մեկ իրենց ջին ու ծանր ձայնովն այսպես երգեցին...
«Ո՛վ դո՛ւք, նորածիններ, որ մեր մարմարն կողերուն մայրութենեն

ստեղծվեցաք,