Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանկարծ՝ լայն ու արգավանդ առավոտի մը նման՝ մեր մայրերուն

ծագումը հայտնվեցավ,

Որոնք սնուցանող կուրծքերնին իրենց քողերեն մերկացուցած՝
Արմավենիի ոստերով բեռնավոր, մեր ճակատներուն համար,
Մեր սպասումեն գինով ու մեր կարոտեն արբշիռ, այսպես երգեցին.

«Զավակնե՜ ր, նախ մեզի մոտեցեք, վասնզի գիտենք որ,
Ձեր հոգնած ու խռովյալ ու հաղթական
Ճակատներն ազատաբեր հերոսի,
Այլևս հիմա մեր մայրական լուսեղեն ծոցերուն,
Հանգչեցնող քաղցրությանցը պետք ունին..․։

«Ու ահա՜ վասիկ շուշաններն անբասիր,
Ձեր դեռ արյունլվա ոտվըներուն տակ,
Արշալույսին հետ, ձեր փառավորումին համար,
Մեր մայրական ձեռվըներովն հնձված...։

«Ու ահավա՜սիկ արծաթյա խնկամանները սրբազան,
Ինչպես վաղնջական ու մաքրակրոն քրմուհիներ,
Այսպես մեր անշա՜րժ ձեռվըներուն բարձունքեն,
Թո՛ղ ձեր հաղթողի կերպարանքներուն առջև՝
Մեր պաշտամունքն արտաբուրեն...։

«Ու ահա՛վասիկ մեր հինավուրց հնձաններուն
Աստվածային ու անապակ գինին՝
Զոր ձեր հագուրդին համեմատ,
Այս տոնական ու ցնծության օրերուն,
Մեր հողե սափորներեն պիտի ըմպեք...

«Ու ահավա՜սիկ հոսանքը կրակե արյունին՝
Սև ու հանդիսական ու աննվաճելի ցուլերուն,
Զոր ձեր հայրերու հոգիին ու ձեր աստվածացումին համար
Անոնց գերեզմանաքարերուն վրա, այս առավոտ,
Մեր զորավոր ու սպիտակ ձեռվըները զոհեցին։
«Ու ահավա՜սիկ, ոսկիե որաները ավետարանական ցորյանին...
Ու հեռուներեն արգասավոր դաշտերուն տարածվումը անսահման,
Ահավա՜սիկ գարունեն բարձրացող հողին հոտը կենսաբեր,


3 Սիամանթո», Դ. Վարուժան