Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըզքեզ դատող սալարն ալ
Հմայqեդ դողալ կթվի։

«Կեցի՜ր, ո՜վ նավ, շո՜ւտ կեցիր,
Ափը կելլե թագուհին,
Երգս ալ կըլլա ցանուցիր.—
Պետք է փոխեմ լարերս հին»։

Գուսանն ա՜լ վինը չածեց.
Իսկ համբույրով մ՚այն գիշեր
Կին մ Իտալիան նվաճեց,
Մարդ մը՝ Բուրգերն հաղթաժեռ։


0՜ ՏԱԼԻԹԱ

Կարմրաշռայլ լույսերուն մեջ կվառի
Կապելադ, օ՜ Տալիթա։
Բեր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պղպջա։

Ի՜նչ փույթ թե ես ազնվական կթվիմ,
Ունիմ ձեռքեր քնքշենի.
Եվ ի՜նչ փույթ թե դուն աղջիկ մես ջլեբաց
Որ բանվորներ կընդունի,

Կատեմ կիներն՝ որք դիմացն հայլիին
Դիմաներկեր կշաղվեն.
Կծծցնեն Ծերակույտի անդամներ
Տռփանքներով տարորեն։

Դահլիճներուն փարթամ կիները կատեմ․—
Իրենց կավատն է՝ ոսկին.
Զիրենք սիրողը կսպառեն, և իրենք
Տան շնիկեն կսպառին։