Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեև հոգի անարժան ըլլա քու հերոսի հոգիդ խորասուզելու...
Թեև խորհուրդներս ըլլան աղքատ և ձևերս անպաճույճ,
Թեև քեզի համար կառուցած խորանս ըլլա անսուրբ և ծխած

խունկս օտար,

Թեև ես խեղճ լացող մը միայն եղած ըլլամ Հայրենիքիս

մոխիրներուն աոջև,

Թեև իմ քայլերս քու քայլերուդ ճամփաները ստրկորեն

անգիտանան,

Թեև բազուկներս ու կուրծքս խուսափած ըլլան քու կռիվիդ

սրբավայրերեն,

Թեև ճակատս մինչև այսօր ընդվզումի կայծ մը հղացած չըլլա...
Բայց ներե՛ պարտվածիս, ներե՛ եղբորդ որ այս իրիկուն զքեզ

երկրպագե,

Հորիզոններեն քալող քու արձանակերպ ստվերիդ խենթի մը պես

կառչելով,

Ու թող քու հերոսի շունչիդ հովերեն գինովնամ,
Թո′ղ քու մտածումիդ և անցյալիդ պատկերներեն այլակերպվիմ,
Թո′ղ քու դյուցազնի արփաթև անունեդ եղեգի մը պես դողդոջեմ,
Թո′ղ քու հավատքովդ լվացվիմ և և քու հրամանովդ

հառաջանամ...

Որովհետև թերևս այս բոլորը, քու աչվըներուդ ու կերպարանքիդ

քաղցրությանը հետ հրեշտակային

Ու իդեալիդ ու հաղթանակներուդ մարտապատկերին հետ,
Թերևս իմ արյունս հրավառեն, կորուսյալի քայլերս ուղղեն, թերևս

բազուկներս ու կուրծքս երկաթեն...

Դուն տարիներով ու տարիներով սարսափանքը եղար մեր թշնամիի

խուժաններուն,

Դուն՝ որուն արդարության սուրը եղեռնին վրա շանթի մը պես

կշողար,

Դուն՝ որուն նայվածքներուն հրամանին տակ բարբարոսները

պաղատելեն կծնրադրեին,

Դուն՝ որուն քայլերուն և զենքերուն շառաչումեն ռազմագունդեր

նահանջեցին...

Դուն՝ հայրենիքին սրտապնդող արեգակն էիր դժբախտներան

համար.

Եվ միանգամայն փոթորկանման աղջամուղջը թշնամիներն

ահաբեկող...