Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրենիքի անասելի սրածումներուն, քաղածներու ավերումներուն,
Դաշտերու և ավաններու մոխրացումներուն և դիակի շեղջակույ

տերուն առջև,

Չեկար և չհոտոտեցիր և չխենթացար մեր արյունին

ծովացումներեն...

Չեկար ու չշարժեցիր քու հարազատ զավկըներուդ

սարերուն հետ՝

Քու նախկին և օրհնեալ և արդար սարդ Վասպուրականի...
Չքալեցիր անոնց հետ, ինչ հոգ, դեպի պարտություն կամ

հաղթանակ,

Եվ չկրցար կառուցանել ազատության ոստաններն անվկանդ,
Որ քու ձեռքովդ միայն կերտելու էին սահմանված․․․
Մինչդեռ այն գաղափարը և կրակը որ զավկըներուդ արյունը օր մը

հրահրեց

Քու նայվածքեդ էր բխած և քու ազատաշունչ խոսքերեդ

արշալույսված․․․

Եվ միայն կոտորումներու և քանդումի արհավրալից օրերուն,
Ագավոր տաճարիդ խորաններուն առջև հաղթվածի մը պես

ծնրադիր,

Քու հպարտ, քու հոյակապ, քու հարուստ, քու հանճարեղ ճակատդ

պայծառ,

Անոնց խաչքարերուն դիմաց, ցավիդ խորութենեն զգայախաբ,
Եվ աստծուդ գթությանը ի խնդիր, ավա՜ղ, ապարդյունորեն

արյունեցիր...

Բայց խորանները և գմբեթներն իրենց քարե խավարը

հավերժացուցին,

Եվ լռությունը երկաթեղեն անձրևի մը նման քու չքնաղ հասակիդ

վրա տեղաց...

Եվ զորության ու հաղթանակի Աստվածդ՝ անշուշտ
Քու պարտվածի արցունքներուդ վրա, դառնությամբ մը

ժպտեցավ․․․


Եվ այսպես ցեղիդ փրկարար ցավը փոխանակ զքեզ ընդվզումին

մեջ աշտարակելու,

Քեզ աղոթելու, արտասվելու, պաղատելու խոնարհեցուց,
Մինչդեռ արժան էր որ դուրս դալիր կռիվին մեջ ու կռիվին համար,