Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերությունը, գրել է. «... Նահապետի անունով գրվածքը, թեև աշխարհաբար, բայց շատ հաղթահարված հին լեզվից (գրաբարից — Ա. Ի.), և նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզվին, շատ անգամ մեջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակավ էին գործ ածվում։ Հայր Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծականղ քանքար, և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևիլ, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ»[1]:

Սակայն, չնայած Ալիշանի լեզվի էկլեկտիզմին, նրա լավագույն բանաստեղծությունները մտան ժողովրդի մեջ և, ինչպես Նալբանդյանն է նշել, «ջերմացուցին շատ սրտեր նահապետի անունի վերա»։

Արդ, ինչո՞վ բացատրել այդ ուշագրավ երևույթը։ Նախ՝ նրանով, որ «Նահապետի երգերը», որքան էլ հին լեզվից շանթահարված լինեին, այնուամենայնիվ աշխարհաբար էին և մատչելի ժողովրդին։ Երկրորդ՝ ոչ֊նվազ կարևոր հանգամանքը նրանց հայրենասիրական-մարտական պաթոսն էր, որ, ինչպես վերը նշվեց, համապատասխանում էր - ժամանակի ոգուն։

«Նահապետի երգեր»-ի հիմնական բովանդակությունը ազգային ինքնաճանաչման և ազատագրության գաղափարն է, սերն ու կարոտը դեպի հեռավոր հայրենիքը, օրինական հպարտությունը հայ ժողովրդի հերոսական անցյալի, նրա նյութական ու հոգևոր բազմադարյան կուլտուրայի նկատմամբ:

Մի առանձին հմայք ունեն հայրենի երկրի բնությանը նվիրված Ալիշանի թախծոտ ու սրտամորմոք երգերը՝ «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և «Հայ հայրենիք»։ Այս երգերում առանձնապես ուժեղ է արտահայտված պանդխտության ցավատանջ զգացումը, որ խորապես ապրել է ինքը՝ «Մեր միշտ պանդուխտ ալևոր Նահապետը» (Հովհ. Թումանյան)։

«Հրազդան»-ը՝ իր հայրական տունն ու այգին, իր սիրած աղջկան՝ «աչքի լույս» Խանդուկին և ընկերներին կորցրած պանդխտի սրտահույզ զրույցն է հայրենի գետակի հետ, որ բաժանում է նրա վիշտը և լուռ արտասվում.

Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՜ր լայք լըռիկ...
Դուք կարկըջիկդ է՜ր. եք մոռցել,
Ծիծղուն երեսդ է՜ր սուգ ունի...

Մեր դասական գրականության մեջ պանդխտությանը նվիրված լավագույն բանաստեղծություններից մեկն է «Հրազդան»-ը, իր անմիջականությամբ նույնքան հուզիչ, որքան և մեր ժողովրդական պանդխտի երգերը։

«Հբազդան»-ի էլեգիական տրամադրությանը հակակշիռ է «Հայ հայրենիքը»՝ իր պայծառ լավատեսությամբ, առույգ տոնով։ Դա խանդավառ գովք է հայրենի երկրի բնության։ Գեղեցիկ է հայկական լեռնաշխարհի

  1. Միք. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ. I, էջ 430 (ընդգծումն իմն է — Ա. Ի.)։