Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պայծառ լուսնակ, մի՛ փախչիր, թե տրտմության լրսես ձայն,
Ցաված սրտի մխիթարանք ես դու կանգնել յերկինքն այն.
Ման գաս յերկիրն Եդեմա, բայց ոչ ի հինն այն գիշեր,
Երբ երջանիկ էր դեռ մարդ, լոկ սեր ու կյանք կու հիշեր.
Ճերմակ ճաճանչդ յայնժամ տաք էր ջըրերուն ու ծաղկանց,
Ուր որ կաթեր քու շողիկ՝ կենդանություն էր անանց...
Դարձի՛ր, նայե՛ հիմ՝ ի վայր, նայե ի փեշ սարերուս,
Նայե՛ ի տափ տաճարիս, և ի հողրանք դեղերուս...
Ա՜հ, գերեզմանքն են հայոց, որ ոչ ևս են յաշխարհի,
Մաշած նըշխարք մեր հարանց՝ թաղված ի խոր խավարի։
Այն հայկազունքն անվանի և մարդկության անդրանիկք,
Որ զԱդամա տունն իրենց վարձեցին տուն երջանիկ,
Այն մեծամեծ հըսկաներն, որ հըսկայից հաղթեցին,
Լեռնանցման կըտրիճներն ի Զորն հայոց թափեցին,
Հեթանոսաց կուռքերուն հաղթող որդիքն այն Հայկա՝
Ընկան անոնք այլ ի քուն ներքև ժայռիցըն Հարքա։
Հայկն, որ ամեն հայու սիրտ պիտի կանգնե դարուց դար,
Հայկն այլ ի քուն է ահեղ, և ո՞վ գիտե դյուր դադար.
Ո՞ր արդյոք սար կամ բըլուր ծածկե զհըսկայն այն բարի՝
Որ փառք որդվոցըն տըվավ ու ազատություն աշխարհի։
Ո՞ր լեռն արդյոք է քո բարձ՝ բարձրագըլուխ քաջդ Արամ,
Որ ի Մարաց մինչ Մաժակ վազեցիր տեր հաղթանդամ»
Եվ դու, Արայդ գեղեցիկ, յո՞ր դաշտ արդյոք, յո՞ր հովիտ
Կարմիր գանգրովրդ պըլլած ծածկես ըզխոց ճակատիդ»
Եվ որ զահեղն Աժդահակ շամփրած ի ծայր նիզակին,
Ի մութ քարայրս քըշեցիր զվիշապազունս սևագին,
Դու ոսկեծամ և խարտյաշ Տիգրան, դու յո՜ր կաս քարայր.
Եւ դու ծընունդ ծիրանի երկնից ու երկրի հրեղեն այր,
Վեհատեսիլ դու Վահագն, որ ընդ աստվածըս նըստար,
Ծածկե՞ց ըզքեզ ապառաժ, թե հալեցավ քան ըզսառ։
Երկհազարյան տանուտերք Հայոց հոգուս, հայկազո՜ւնք,
Արդյոք ի խորըս նորին դեռ կեցե՞ր եք իբր հիմունք.
Եվ ոնց որ ողջ ըլլալով, ղողջ բըռնավորքըն զարկիք,
Այդպես զմեռյալ բըռնավորսն հողուն ներքև այլ դատի՞ք,
Որ պըղծեցին զսուրբ երկիր մեր հարց Հայոց սեփական,
Կարծեցին ձեր քով նընջել, և ի դըժոխս արթընցան։