Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թոպ... լըսե՞ք թմբկին... թո՛պ, թնդան սրտեր.
Հայրենյաց է տոն, հայրենյաց համբավ.
Ո՜վ լավք, ո՜վ քաջք, ձեզ վարձք հռչակեցավ.
Արյո՜ւն և քրտինք, ձեզ կապվին թագեր...
Հա՜յք, ո՜ւր արդյունք ձեր,—
Անցե՜ր են, անցեր։

Պարեն պատանիք, ծիծաղին ծերեր.
Կուսանք ամոթխածք վարդերով վառվան,
Պարկեշտ երախտյաց գովեստք բարձրացան.
Առաքինությո՜ւնք, ահա պատիվ ձեր...
Հա՜յք, դո՜ւք լոկ անտեր
Անցե՜ր եք, անցեր։...

Անցա՜ն, մարեցա՜ն, ուրեմն, հայ լուսեր...
Ա՜հ, Հայաստան, ո՜ւր քո փառքըն փայլուն.
Ո՜ւր քո ճարտարաց աշխատանքն անհուն.
Ո՜ւր քաջ և գիտուն որդվոցդ արդյունքներ.
Ո՜նց քո բյուր փառքեր
Անցե՜ր են, անցեր։...

Անցի՜ք դուք այլ սև սրտիս սև ամպեր,
Անկե՛ք հայ հոգուն սև քարին վըրայն...
Ո՜հ, քանի՜ հազար կանգուն լայն ու երկայն.
Ո՜հ, ո՜նց ցեղուցեղ անձինք հոն եկեր,
Եկեր ու անկեր՝
Անցե՜ր են, անցեր։

Ըզսև գիրն Հայոց կարդացերք, ազգեր.
«Կարկառ հանգըստյան տոհմի տան Հայկա,
Համարինդ մեռյալս և ինքն ի քուն կա»։ —
Մեռյալ չե՜ն, ուրեմն, հայ հայրենիք մեր.
Հայաստան անկերի
Բայց ո՜չ է անցեր։