կառուցվածքներ։ Քրիստոնեության սկզբից, նույնիսկ նախաքրիստոնեական ծագում ունեցող մի քանի շինությունների ոճը և նրանց շինարարական կատարելություններն անվիճելիորեն ապացուցում են, որ ճարտարապետական արվեստը մի քանի դար մշակելուց հետո, հասել է քրիստոնեական շրջանի 3-րդ և 4-րդ դարերն այնքան մաքուր կատարելությամբ, որչափ որ սպասելի էր նույն դարաշրջաններին, համեմատելով շրջակա մեծ պետությանց մեջ կառուցվող շենքերի կատարելության հետ։ Մանավանդ ըստ տեղական պայմանների, որոշ շինարարական կերպեր են երևում այդ հնագույն շենքերի վրա, որ զուտ տեղական ստեղծագործության բնույթն են ներկայացնում։ Արդ, որովհետև ներկա աշխատությանս գլխավոր նպատակն է հայոց ճարտարապետության մի քանի ուշադրության արժանի մասերի վրա խոսել, ցույց տալ նրա սկզբնավորության հավանական ժամանակը, դարերի ընթացքում զանազան վերածնություններն ու կրած փոփոխությունները, հուսկ հետո՝ նրա անկումն ու անկման պատճառները, ուստի, առաջադրած խնդիրներս ավելի հասականալի դառնալու համար, հարկ եմ համարում նախապես ընդհանուր գծերով ցույց տալ Հայաստանի ծաղկող ճարտարապետական արվեստի զանազան երկիրների մեջ ծագումն ու զարգացումը, որոնց ազդեցության տակ հավանորեն փոխանցմամբ ծնեց ու զարգացավ Հայաստանի ճարտարապետությունն սեփական ոճով և ինքնուրույն շինելակերպերու կատարելությամբ։ Ընդհանուր ճարտարապետության ծագման մասին թեև օտար լեզուներով գրվածներ շատ կան, որոնք գուցե այնքան էլ մատչելի չեն մեզ՝ հայերիս մեծամասնության համար, սակայն ընդհանուր ճարտարապետության Հայաստանի հետ ունեցած կապերի մասին շատ քիչ է խոսված օտար գրականության մեջ. այդ տեսակետով, կարծում եմ, որ անօգուտ չպիտի լինի այս առաջադրածս ծրագրով աշխատությունս։
Պատմական շրջանի հորիզոնին վրա, որը դեռ բոլորովին զտված չէ առասպելներից, գրեթե միաժամանակ երևցաան Եգիպտոսն ու Քաղդեան, ցեղային և քաղաքական հզոր կազմակերպությունով և իրենց կանգնած մեծամեծ կառուցվածքներով, որոնց մնացորդները ներկա գիտնական արվեստագետներից գնահատվելով՝ ճանաչվեցին իբրև ճարտարապետական ներդաշնակությամբ և իրեն ժամանակին համար նպատակահարմար որոշ ծրագրով կանգնված կոթողներ: Այս երկու երկիրների մեջ, բնության արտադրած շինանյութերի համեմատ, կանգնվեցին հսկայական ամրոցներ, բերդեր, տաճարներ, շիրիմներ և անհատական մեծ ու փոքր բնակարաններ՝ իրենց տնտեսական, քաղաքական պետքերի և ստացած կրթական զարգացման աստիճանի համեմատ ոճավորելով։ Եգիպտոսի մեջ քարը և փայտը հավասարապես գործածվեցան ամեն չափի և որակի կառուցվածքների համար, օգտվելով անսպառ քարահանքերից և համատարած արմավենիի ծառերի անտառանման խտությունից։ Իսկ Քաղդեայում և հետո ասորա-բաբելական երկրում, քարի և փայտեղենի նվազության պատճառով, անթուրծ և թրծված աղյուսներ կատարեցին շինությանց մեջ այն դերը, ինչ որ Եգիպտոսի մեջ կատարում էին քարն ու փայտը։ Աղյուսաշինության արհեստն այնչափ կատարելության հասավ Ասորա-Քաղղեայի մեջ, որ ոչ միայն պատերի շինության ծառայեց, այլև կիտվածանկար աղյուսներով շենքերի ճակատները զարդարվեցին։ Այս երկրում, փայտի հազվագյուտ լինելու պատճառով, արվեստագետներ հնարեցին աղյուսաշեն կամարների և գմբեթների եղանակները, որոնք առանձին վեհություն էին տալիս շենքերին։ Ասորա-քաղդեական կամարաշինության և գմբեթաշինության եղանակը հետզհետե այնքան կատարելության հասավ, որ մինչև մեր օրերը գործածության մեջ է շինարարական ասպարեզում։ Շենքը գմբեթավորելու ոճը դեռ նախաքրիստոնեական շրջանում հռոմեական երկիրներում ընդհանրանալուց հետո բյուզանդական արվեստին մեջ ընդմիշտ որդեգրվեց թրծված աղյուսներով պատեր և կամարներ շինելու արվեստը։
Մեր թվականությունից մոտավորապես քառասուն դար առաջ Եգիպտոսի և Ասորա-Քաղդեայի մեջ սկսվող ճարտարապետությունը թեև հետզհետե մեծամեծ բարեփոխությունների ենթարկվեց, այնուամենայնիվ միշտ նկատելի մնաց նրա շինարարության մեջ նախնական ավանդական կիկլոպյան երևույթը։ Եգիպտական և ասորա-քաղդեական ճարտարապետության կիկլոպյան հատկանիշը ոմանք վերագրում են անկատարելագործ գործիքների, ուրիշներ՝ նրանց կրոնական հասկացողությունների, բայց, ինչ որ ավելի ճիշտն է, եթե նախնական շինարարական գործիքների անկատարություն իրենց դերն ունեցան ոճերի լրջության և սառնության մեջ, այնուամենայնիվ, Արևելքի մեծ ազգերի մեջ խիստ համրաբար զարգացավ գեղարվեստական նրբությունների ճաշակը։ Նախաքրիստոնեական 7-6-րդ դարերուն երևնալ սկսող հունական ճարտարապետության էր վերապահված կատարյալ ներդաշնակությամբ և գծերի անօրինակ շնորհալի նրբությամբ այնպիսի չնաշխարհիկ ոճ ստեղծել, որը ոչ միայն Հունաստանի ապագա ժառանգորդ հռոմայեցիների ճարտարապետության անփոփոխ խարիսխը եղավ, այլև տասնյակ դարեր, գրեթե մինչև մեր օրերը, բովանդակ Եվրոպային տիրապետեց։ Դեռ մեր օրերուն իսկ, այնքան ընտելացած ենք այդ ոճին, որ նման մի շենք գրեթե չենք կարող գտնել, որուն մեջ չգտնվին հունա-հռոմեական ճարտարապետության հատուկ գծեր։
Հունաստանի վրա հռոմեական տիրապետությունը չկարողացավ իր ինքնուրույն ոճը ստեղծել, այլ գրեթե նույնությամբ ընդունեց հունական ճարտարապետությունը, ինչպես նաև ընդունեց հունական աստվածությունները մի քանի թեթև հավելումներով և անունների փոփոխություններով։ Հին Արևելքը բնության ուժերն էր աստվածացնում, իսկ հին Հունաստանը գիտությունն ու արվեստներն էր աստվածացնում։ Չկա գրեթե մի հունական աստվածություն, որ որևէ գիտության կամ արվեստի ստեղծագործողը չհամարվի, չկա մի գեղարվեստ, որ իր մարմնացումը չունենա որևէ աստվածության մեջ։ Հոոմեացոց համար վերին աստիճտն հարգանաց և ընդունելության խրախույս եղավ հույն ժողովրդի արվեստների կամ արվեստագետների աստվածացման սկզբունքը, ուստի հունական