Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հիմնական նորոգության ժամանակ, որ տեղի է ունեցել թե հունական և թե թաթարական տիրապետության շրջանում, այս գերանները հանել և պալատի ստորոտի մասի շինությունների մեջ իբրև պահանգ են գործածել, անշուշտ, տեղը նորը զարդաքանդակելով կամ նոր ոճով առաստաղներ շինելով։ Այս զարդաքանդակ գերանները մինչև Անին Թյուրքիային անցնելը պահված էին Անիի թանգարանում, իսկ թե այնուհետև ինչ եղան, ինձ հայտնի չէ։

Անիում, Բագրատունիների պալատի պեղումների ժամանակ, հայտնվեցին, առաստաղների տեսակետից, ճարտարապետական նորություններ։ 12-13-րդ դարերում արդեն անվիճելի եղան տախտակամած առաստաղները, ինչպես նաև այդ առաստաղների երեսին ձուլածո գաճով ու գունավոր ծաղկանկարներով զարդարելը։ Պալատի հյուսիս-արևելյան անկյան մեծ դահլիճի մեջ գտնվեցին գաճից ձուլված և վրաները զարդաքանդակված նեղ երիզներ, որոնցով հյուսված էին մանվածոները, հյուսվածքից գոյացել էին բազմանկյուն խոր բացվածքներ, որոնց մեջ զետեղված էին նույնպես գաճից ձուլված վարդաձևեր։ Այս գաճի զարդարանքներն ամրացած էին բարակ տախտակով ծածկված առաստաղի վրա[1]։ Այստեղ անջատված մի սյունազարդ սրահ կար, որի սյուները, իրենց խոյակներով, քարից էին՝ հունական ոճով, իսկ սյուներից վերև եղող կամարները մինչև առաստաղ փայտից էին, որոնց վրա հիանալի կերպով փորագրված էին տերևներ, ծաղիկներ ու թռչուններ. չգիտեմ՝ ինչ դիպվածով այս քանդակազարդ փայտյա կամարներից մեկի վրա այրվածի նշաններ կային, սակայն, ընդհանուր առմամբ անվնաս էին մնացած բոլոր երեք կամարները։ Պալատը երկու մասի էր բաժանված հյուսիսից հարավ ձգվող մի երկար միջանցքով, անշուշտ, այս միջանցքի հարավ-արևմտյան կողմը զուտ ընտանեկան բաժինն էր, զանազան մեծ ու փոքր սենյակների բաժանումներով: Այս սենյակների հարավային կողմը շինված էր մեծ ջրամբարը, որի մասին առիթ ունեցա մի փոքր ծանոթություն տալու։ Այս ջրամբարի վրա եղել է մի մեծ սենյակ, որի առաստաղը ոչ միայն բարակ սրբատաշ տախտակներով էր ծածկված, այլև ամբողջովին գունագեղ նկարազարդված. այս նկարազարդ առաստաղի բեկորները դժբախտաբար մեծ մասամբ փտել են փլատակների տակ, միայն մի քանի փոքրիկ կտորներ գտնվեցին՝ ներկված և վրաները գեղեցիկ տերևներ ու ծաղիկներ նկարված. այս կտորներն էլ պահված էին Անիի թանգարանում, իսկ այժմ չգիտեմ, թե ինչ եղան։ Ինչպես երևում է, այս սենյակը հատուկ էր ընտանեկան կամ, ավելի ճիշտ, հարսանեկան խրախճանքի և մի կողմի վրա զատված էր հարսանեկան առագաստի սենյակը. այս հարակից սենյակի ճակատը ծածկվում էր միայն վարագույրով, որի համար հաճախ վարագույրները բերում էին եկեղեցիներից և ծածկում. այս մասին այն ժամանակվա եկեղեցական ժողովներում նույնիսկ օրենքներ կան գրված, որ արգելվի եկեղեցիների վարագույրները հարսանիքներին վարձու տալու սովորությունը։ Հայ մատենագրերի մեջ շատ է հիշվում հարսանեկան առագաստի մասին, սակայն ոչ մի տեղ մանրամասն նկարագիրը չի տրված։ Անիի ընտանեկան բաժնի ամենամեծ սրահին կից այս սենյակը մեզ հնարավորություն է տալիս բացատրելու նրա ձևն ու նկարագիրը։ Այս սենյակը երեք կողմից ունի կանոնավոր ու հաստատուն պատեր, իսկ սրահի կողմը ամբողջովին առանց պատի, բոլորովին բաց է, որ հատուկ է վարագույրով ծածկելու սովորության. սենյակի երկարությունն այնքան է, որ հազիվ մի միջակ մեծության սեղանի վարագույր ծածկե ճակատը։ Այս սենյակն էր հատկացրած հարսին և հարսանեկան առագաստին։

Հնում փայտի գործածությունը սահմանափակված չէր կտուրների ծածկ, հարկաբաժինների հեծաններ և տախտակամած կամ առաստաղ շինելով, այլ փայտից շինում էին նաև հաստ ու բարակ սյուներ, կամարներ, միափեղկ կամ երկբացիկ և լուսախաղաց դռներ, պատուհանների լուսանցույց վանդակապատեր, որոնք երբեմն պարզ, երբեմն էլ չափազանց ճոխ քանդակազարդված էին։ Քանդակազարդ սյուների, կամարների, դռների ամենագեղեցիկ քանդակազարդված օրինակները հասել են մեզ, ինչպես Սևանի խոյակները, Սևանի դուռը և Անիում գտնված գերաններն ու

  1. Գաճից ձուլված և ձեռքով քանդակազարդած նման երիզներ գտնվեցին Դվինում 7-րդ դարին պատկանող կաթողիկոսարանի և միջնաբերդի (կենտրոնական բլուրի) հյուսիսային լանջի թաղամասի պեղումների ժամանակ՝ 1938-1939 թ. թ.: ԿԱԶՄՈՂ