Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

corniche-ը փոխանակ մեկ ուղիղ գծով ծայրե ի ծայր տանելու, բոլորել նաև պատուհաններու կիսաբոլորակ կատարներու վրա ալ (նկ.111, HHH): Fronton-ներու տակ, այդ համեմատական բարձրության վրա պատուհաններ դնելը արդեն մաքուր հայկական ճաշակ է, և ամեն եկեղեցիներու վրա գրեթե անխտիր կգտնենք:

Չեն պակսիր նաև ուրիշ հատկություններ Տեկորի տաճարին վրա, որոնք զինքը շատ հեռու կտանին, քան 7-րդ դար։ Պտտուհաններու թե ներսեն և թե դրսեն հավասար լայնությամբ բացվածքը միայն Տեկորի, Երերույքի և Քասաղի տաճարներուն հատուկ են իրենց խոշորությունով հանդերձ։ 7-րդ դարու տաճարներուն մեջ թեև մասամբ պատուհաններու խոշորությունը պահված է, սակայն ներսեն լայն են բացվածքները և դրսեն նեղ, ինչպես Բագարանի, Ալամանի և ուրիշ ժամանակակից եկեղեցիներ։

Պատուհաններու դրսեն նեղցնելու սովորությունը 7-րդ դարեն սկսյալ անընդհատ շարունակված է մինչև 14-րդ դարը, և հետզհետե այնքան չափազանցված է, որ 10-11-րդ դարերուն անոնց արտաքին բացվածքները հաճախ երեք անգամ ավելի նեղ են, քան ներքին բացվածքները, իսկ 13 և 14-րդ դարերուն արտաքուստ մինչև տասն անգամ նեղցածներ կգտնենք։ Ուրեմն, Տեկորի, Երերույքի և Քասաղի տաճարներու պատուհաններու այդ հատկությունը պետք է 7-րդ դարեն առաջ գոյություն ունեցող հայ արվեստի ոճին վերագրել։ Իբրև բացառություն տեսեր եմ միայն Բագարանի կաթուղիկեին չորս fronton-ներուն ներքև դրված պատուհանները, որոնք հին ոճի հատկությունը պահած են։

Կարկինի մեկ հարվածով գծված պայտաձև (fer á cheval) աղեղները դարձյալ 7-րդ դարեն հառաջ հայոց մեջ գոյություն ունեցող մի ոճ է, 7-րդ դարեն սկսյալ այլևս չենք կարող գտնել ոչ մի տեղ: Իբրև հնագույն դարերու հիշատակ այդ ոճը հետին ժամանակներ գործածված է նեղ պատուհաններու և զանոնք պսակող corniche-ներու վրա։ 7-11-րդ դարերու մեջ թեև կտեսնվին մույթեր միացնող մեծ աղեղներուն ծայրերը պայտաձևի հատկությամբ դեպի ներս կորացած՝ խոյակներու վրա, սակայն կատարները բեկված են տարակեդրոն երկու աղեղներու միացումով։ Միակեդրոն աղեղներու շատ հազվադեպ օրինակներ կան 13-14-րդ դարերուն մեջ։

Աշխատությանս սկիզբեն ինչ հատկություններ որ տեսանք հայկական հիշատակարաններու վրա, հայ ճարտարապետության նախքան 7-րդ դարուն հատուկ, և անոնց մի կարևոր մասին հունա-հռոմեական արվեստի հետ մոտիկ առնչությունը, զիս կպարտավորեն համոզիլ, որ Տեկորի տաճարը կանգնված է հունա-հռոմեական քաղաքական և կրոնական արվեստներու հայ արվեստին վրա ներգործած շրջանին մեջ, որ շատ վաղ է, քան 7-րդ դար և հազիվ թե անցնի 5-րդ դարեն ալ այս կողմ: Ամենանախնական շինության հավանական ժամանակը գտնելու համար փորձենք հավելումներու ժամանակը գտնել և հետզհետե հառաջ գնալ դեպի ամենահինը։

Հայոց եկեղեցիներու վրա գմբեթներու գոյությունը կապացուցվի 5-րդ դարուն Էջմիածնի կաթուղիկեով[1] և պատմության ավանդության նայելով, Էջմիածնի կաթուղիկեին գմբեթը փայտով շինված էր, այժմ Տեկորի տաճարին գմբեթը կուգա մեզի բացատրելու, թե ինչու համար փայտով էր շինված և ոչ քարով։

Պատասխանը շատ պարզ է այլևս, որովհետև 5-րդ դարուն հայերը թեև ունեցեր են եկեղեցիները գմբեթավորելու ճաշակը, սակայն քարե գմբեթ շինելուն կերպը չգիտնալով՝ կշինեն եղեր փայտե գմբեթներ:

Իսկ 4-րդ դարուն արդեն փաստացի ապացույցներ շատ կան, որ թմբուկավոր, կոնաձև ծածկով քարե գմբեթ կազմելու արվեստը բավական մեծ հառաջադիմություն ըրած էր հայոց մեջ: Ուրեմն, Տեկորի տաճարին գմբեթի շինության ժամանակը պետք է փնտռել 5-րդ և 7-րդ դարաշրջաններու մեջտեղ։

Տեկորի տաճարի գմբեթի շինության կերպը իր շինարարական ոճով ամենանախնական արվեստագործություն կներկայացնե, և բաղդատելով զինքը հետագա դարերու գմբեթներուն հետ, կսորվինք, թե հայոց մեջ ինչպես է ծագեր քարե գմբեթ շինելու գաղափարը և դարե ի դար ինչպես քայլ առ քայլ հառաջ գնացեր և հասեր է մինչև 13-14-րդ դարերու կատարելագործյալ գմբեթներուն ամենաշքեղ ձևերուն։

Հայ ճարտարապետության մեջ, գմբեթներն իրենց ծագումեն մինչև կատարելագործվիլը երեք տեսակ վերածնություն ունեցեր են։ Որովհետև 5-րդ դարուն փայտե գմբեթներուն ձևերը մեզի անծանոթ են, ուստի առաջին ձևը պիտի համարենք Տեկորի տաճարին գմբեթը։ Այս գմբեթի շինության ամենանախնական կերպն է, որ խոր հնություն կապացուցանե և ըստ ինքյան շատ հետաքրքրական է հայ արվեստի շինարարական ճյուղին մեջ, որուն մասին արժե մի քանի մանրամասնություններ տալ:

Տաճարի ներքին չորս մույթերը իրարու միացնող աղեղները կապվելեն հետե, երբ անոնց կառուցումեն հառաջ եկած եռանկյուն բացվածքներն ալ ուղղահայաց պատով լեցուցեր են աղեղներու բարձրության հավասարությամբ, բնականորեն գոյացեր է քառակուսի բացվածք մը, որուն վրա պիտի բարձրանար գմբեթը:

Եվ որովհետև արտաքուստ թմբուկ կազմելու գաղափարն ալ չէ եղեր տակավին, այլ միմիայն ցանկացեր են գնդաձև (spherique) ծածկույթ մը ունենալ նույն քառակուսի բացվածքին վրա, ուստի ծածկույթը կազմելու համար դիմեր են հետևյալ պարզ և միանգամայն բավական ճարպիկ միջոցին. պիտի ավելցնեմ նաև, որ նույնիսկ նախապես առանց գիտնալու, թե որչափ պիտի բարձրանար և ինչ որոշ ձև պիտի ստանար:

Քառակուսի բացվածքի չորս անկյուններու վրա շեղակի դրեր են չորս փոքր քարեր (նկ. 123f AAAA), որով քառակուսին ստացեր է անհավասար կողմերով ութանկյուն ձև։ Հետո սկսեր են աստիճանաբար դեպի կեդրոն հակված պատեր բարձրացնել (նկ. 123,

  1. Յովհ. Կաթ., Մոսկվա, 1853, երես 43, «Յետ որոյ ապա քակեալ սորա (Կոմիտաս կաթ.) զփայտայարկ գմբէթ սրբոյ կաթողիկէին որ ի Վաղարշապատ քաղաքի, շինէ զնա...»: