անուրանալի է (խաչաձևելու համար այս հարցը վիճելի կերևնա. պետք է լավ քննել):
Սույն տարակույսը փարատելու համար երկու գործնական պատասխան նույնիսկ իր մեջ կգտնենք, երբ նախ՝ չափենք խորանին լայնությունն ու համեմատական խորությունը և բաղդատենք ընդհանրացած համաչափություններու հետ, երկրորդ՝ քննենք, մույթերու կազմությունը, շինության կերպը և իսկական շինության հետ ունեցած հարազատությունը, երրորդ՝ արևելյան կողմեն ընդհանուր եկեղեցական հատակագծային օրենքներու դեմ բացարձակապես ընդվզող դռները:
Հայոց եկեղեցիներու մեջ abside-ի խորության առհասարակ ընդունված չափը կիսաբոլորակի շառավիղին մեկուկեսին կհասնի, գրեթե շատ քիչ բացառությամբ, տեղ-տեղ ավելի խոր են, տեղ-տեղ ավելի պակաս, բայց միշտ շառավիղեն երկայն: Ս. Թեոդորոսի մեջ եթե այս չափը համեմատության դնենք, կտեսնենք, որ պահանջված խորությունը կիսաբոլորակի միջին կետեն կհասնի մինչև մույթերու դեպի կեդրոն եղող ճակատին հավասարության, որ է՝ սեղանին իսկական մեծությունը: Եվ արդեն այդպես ալ եղած է, թեև փլատակներով ծածկված էր սեղանի ճակատը, սակայն ես, հետաքրքրված, անձամբ փորել տցի այդ մասը և տեսա, որ սեղանի ճակատը հավասար է մույթերուն ճակատին կեդրոնի կողմի ճակատին: Մույթերը ամբողջությամբ կմնան սեղանի սահմանին մեջ, նաև, բացի երկու կողմեն՝ մույթերու ետևեն ունեցած սանդուխներեն, ճակատեն ալ ունի սեղան բարձրանալու սանդուխ, ինչպես Զվարթնոց եկեղեցին:
Մույթերը ոչ քարերու տեսակով և ոչ ալ շինարարական օրենքով երբեք չեն համեմատեր շենքի մյուս մասերուն հետ, որոնք ի սկզբանե անտի գրեթե նորոգություն և փոփոխություն չեն տեսած հատակեն, մինչև կամարներու հանգիստը, և այնքան անկանոն ու աննպատակահարմար շինված են, որ թե ի հնումն զանազան ժամանակ նորոգության ենթարկվեր են և թե այժմ ալ փլչելու ամենամոտիկ վտանգ սպառնացող մասերն են:
Արդ՝ այժմ կարելի է նկատել, որ այս եկեղեցիին ներսի կողմն ալ, ուրիշ նմանօրինակ խաչաձևերու պես, չորս կիսաբոլորակներու ծայրերը միացած էին իրարու և արտաքին կողմեն abside-ներու կողմնակի պատերու և ներքին կիսաբոլորակներու կողմնակի պատերու մեջտեղ մնացող դատարկությունները անջատ փոքր սենյակներ էին՝ արևելյան կողմինները անպայման խորանին հետ հաղորդակցող և թերևս տաճարին հետ ևս թևերու մեջեն, իսկ արևմտյան կողմինները՝ միմիայն տաճարին հետ:
Երբ ընդունինք որևէ ժամանակի մեջ գոյություն ունեցող այս ձևը և հետո ճեղքվելով այդ սենյակներում տաճարին հետ խառնվիլը, այն ատեն մեզի համար կպարզվի արևելյան կողմեն կողմնակի մասերու վրա բացված փոքր դռներու պաշտոնն ալ: Հավանաբար այդ դռները միմիայն սենյակներու համար արտաքին դռներ էին՝ անհրաժեշտ պատշաճության մը համար բացված, մանավանդ հարավ-արևելյան անկյունի սենյակը ունեցեր է երկու դուռ, որոնց մեկը կբացվի դեպի արևելք, իսկ մյուսը՝ դեպի հարավ:
Այս դռները 7-րդ դարուն ոչ մի անհեթեթություն չեն ներկայացներ, երբ դեռ այդ սենյակները զանազան սրբոց անվամբ նվիրագործված մատուռներու չէին փոխարկված, այլ կգործածվեին հայոց մեջ իբրև պարզ պահարան, հետևաբար անպատշաճություն մը չի նկատվեր արևելյան կողմեն դրսի հետ հաղորդակցելուն մեջ:
Թեև պահ մը մտածեցի, որ անհրաժեշտ պահանջի մը տեղի տալու նպատակով, ինչպես հետո պիտի տեսնենք, շատ հետո բացված լինեին այդ փոքր դռները, սակայն լիովին համոզիչ փաստեր չեմ գտած. հիրավի կան քարերու շարքի փոքր անպատշաճություններ կից եղող պատերու հետ, սակայն շինարարական կարգերու մեջ ներելի է այդքան մը անհամաչափություններ և շեղումներ այն մասերուն վրա, ուր դռներ և լուամուտներ պիտի շինվին: Մանավանդ այս դռներուն վրա իբրև վերնասյամ դրված մեծածավալ միակտուր քարերը, որոնք իրենց վրա միաժամանակ փորված ունեն դռների լայնության պահանջած շառավիղով կամարներ ներքուստ և արտաքուստ այն ատեն մի քիչ դժվար է հավատալ այս քարերուն վերջեն դրված լինելուն, որոնք բավական ճարպիկությամբ և կանոնավորությամբ դրված են դրանց վրա: Մանավանդ քարերու հին շենքին հետ ունեցած նմանությունը ավելի կհաստատե այս դռներուն շենքին հետ միաժամանակ շինված լինելու կարծիքս:
Իհարկե, ըստինքյան կարևոր և շահեկան էր ստուգապես գիտնալ սույն դռներու շինության ճիշտ ժամանակը, սակայն այդ քննությունը ավելի գիտակ և ձեռնհաս քննողի մը թողելով, ես իմ կողմանե պիտի ավելցնեմ, որ այդ դռների բացվելու ժամանակը այնքան ալ կապ չէր կարող ունենալ ներքին փոփոխությանց հետ, և կամ մի հակասություն տեսություններուս: Արևմտյան կողմի սենյակները դրսեն ամենևին դուռ չեն ունեցած, հավանաբար տաճարին հետ են հաղորդակցեր որևէ մի կողմեն: Բայց արևելյան կողմի դռները շատ հետո, հավանորեն 10-րդ դարուն, իբրև մտից դուռ ծառայեր են արևելյան կողմեն հավելյալ երկու գեղեցիկ մատուռերու, որոնց հիմերը միայն կմնան այժմ:
Կողմնակի մատուռներուն շինությունը 10-րդ դարուն վերագրելուս պատճառն այն է, որ այդ դարեն առաջ ուրիշ օրինակներ չկան, նույն դարուն մեջ է, որ դավանական որևէ պահանջի մը համաձայն, խորանին երկու կողմը եղած սենյակներ սկսեր են abside ունենալ և իբր մատուռ ծառայել: Անշուշտ ներքին փոփոխությանց հետ շատ մոտիկ կապ ունի այս երկու մատուռներու շինությունը: Այս եկեղեցիեն զատ՝ ուրիշ շատ տեղեր կտեսնենք, որ ի սկզբան շինված են առանց կողմնակի մատուռներու, սակայն հետո պատշաճ կամ անպատշաճ կերպով ավելցուցեր են կողմնակի խորաններ: Շատ հավանական է, որ այս սովորությունը 10-րդ դարուն մեջ ընդհանրացած՝ ս. Թեոդորոսի հոգևոր պաշտոնեությունն ալ զգալով այս անհրաժեշտ պահանջը, որոշած են խորաններ շինել սենյակներուն մեջ. բայց որովհետև խիստ փոքր էին անոնք և abside-ներ