Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելցնելու բոլորովին անհարմար, ուստի, ներքին մեծ abside-ները իրարու միացնող անկյունները սյուներու վերածելով պատռելեն պատերուն հետ ունեցած միջոցը, խառնել տաճարին հետ, և տաճարեն դուրս շինել երկու միջակ մեծությամբ մատուռներ, օգտվելով նախապես գոյություն ունեցող դռներ են (եթե կային այն ժամանակ) իբրև մատուռներու մտից դուռ։

Հարավ-արևելյան մատուռը դրսի հետ հաղորդակցող դուռ ամենևին չունի, միմիայն տաճարին հետ կհաղորդակցի վաղեմի փոքր սենյակի դռնով. իսկ հյուսիս-արևելյան մատուռը, բացի տաճարի հաղորդակցության մյուս կողմինին համապատասխան դռնեն, նաև հարավային կողմեն, տաճարի abside-ին կողքեն ևս դուռ ունի դուրս ելլելու համար։ Այս երևույթեն կհետևցնեմ, որ մասանց խորանը հարավ-արևելյան կողմի մատուռը եղած լինի նաև պահարան մեծարժեք սրբազան անոթներու, իբրև ավելի ապահով և դժվարամատչելի՝ դրսի հետ բնավ հաղորդակցություն չունենալուն պատճառով։

Սույն փոփոխության 10-րդ դարին կատարվելուն կասկած չի մնար, երբ կտեսնենք հյուսիս-արևելյան մույթին վրա 11-րդ դարուն Պետրոս կաթողիկոսի օրով եղած արձանագրություն մը։

Պետք է գիտնալ, որ թեև կողմնակի փոքր դռներուն քննությամբ չենք կարող որոշ ուղղակի ապացույց տեսնել հետնագույն բացվածքի, սակայն մույթերու հանդիպակաց որմնասյուներու վրա կան ապացույցներ, որ մի ժամանակ տարբեր շարք ունեցեր են և հետո փոփոխվեր են։ Բնականաբար, այն ժամանակ, երբ պատերը ճեղքեցին և սենյակները հաղորդակցության դրին տաճարին հետ, բարձրեն կամարներ կապեցին մույթերեն դեպի հանդիպակաց պատերը։ Այստեղ միայն մի կասկած կարող է զարթնել քննողի մտքին մեջ, որ սենյակները տաճարների հետ հաղորդակցության դրվելեն հետո, կրկին նորոգության ենթարկված են սյուները, որովհետև սյան խոյակներեն վեր կամարները ևս անոնց վրա հորիզոնական շարված քարերու ուղղությունները համապատասխան չեն տաճարի պատերու ընդհանուր շինվածքին հետ, սակայն միևնույն տեսակ քարով շինված են, ինչպես որ եղած են տաճարին հին քարերը, իսկ սյան գլուխներու քանդակներու ոճը բնավ տարակույս չի վերցներ, որ 7-րդ դարեն շատ հետո գոյություն ունեցող քանդակներ են։ Բայց որովհետև տաճարի այժմյան մույթերը ընդհանրապես կարմիր քարով շինված են (տաճարը ամբողջությամբ թուխ քարով շինված է), նմանապես հավելյալ արտաքին մատուռները, այստեղ ալ մի կասկած կարող է լինել, որ նախապես ուրիշ փոքր մատուռներ ավելցուցած են սյուներու փոփոխությանց հետ միաժամանակ, և հետո սյուներու երկրորդ նորոգության հետ շինված լինեն այժմյան կարմիր քարերով կառուցված մատուռները։ Այսօրինակ բունի հարմարցված սյուներու համար ալ շատ բնական է հաճախ նորոգության կարոտիլ, որովհետև անհնար է նույնքան հաստատուն և կանոնավորությամբ շինել, ինչպես որ պիտի շինվեր տաճարիս շինության հետ միաժամանակ հիմնիվեր։ Այս վիճակին ենթարկված է նաև նույն կերպով փոփոխված Էջմիածնի տաճարը, ամենեն շատ ներքին չորս սյուներն են, որ նորոգված են և այժմ ալ պետք ունին նորոգվելու։

Բագարանի ս. Թեոդորոսը համեմատելով 5-րդ դարու Տեկորի եկեղեցիին հետ ըստ ճարտարտպետական օրինաց, կտեսնենք, որ նրանք զարգացման միևնույն շառավիղին վրա են, երբեմն մասերու մեջ ս. Թեոդորոսը ավելի կատարելագործված։ Եվ այս կատարելագործված մասերը չեն վերաբերեր բնավ շինարարական օրենքներուն և կամ ճաշակի զարգացման, այլ պարզապես գմբեթի կազմակերպության, որն որ 5-րդ դարուն Տեկորի մեջ դեռ շատ նախնական դրության մեջ է, հակառակ մյուս մասերու գերագույն կատարելության։ Ավելորդ է ըսել, որ հայոց մեջ շինարարական արվեստի զարգացումը, դատելով մնացորդ հնագույն հիշատակարաններն, շատ հին է, թերևս շատ դարեր քրիստոնեութենե առաջ, նույնպես գեղարվեստական ոճերու փոփոխության տեսակետով ալ առաջինը չի կարելի համարել Տեկորի տաճարը։ Իմ կարծիքով՝ գմբեթներն են, որ Տեկորի տաճարեն կսկսին, և անընդհատ մշակվելով՝ հասեր են զմայլելի նրբության ու կատարելագործության 13-րդ և 14-րդ դարերուն։

Ինչպես 7-րդ դարու բոլոր գմբեթներ, նույնպես ալ ս. Թեոդորոսի գմբեթը, թեև Տեկորի գմբեթի շինության կերպին հետքերը բնորոշ կերպով ունի իր վրա, սակայն համեմատաբար ավելի հառաջ գնացած է ճարտարապետը զայն գեղարվեստականորեն կազմելու մեջ, միևնույն ատեն որչափ որ Տեկորեն քանի մը քայլ հառաջ անցած է, բայց դեռ նշույլը չերևիր 10-11-րդ դարերու վերջնական կատարելության։

Տեկորի գմբեթը արտաքուստ քառակուսի է, և չէր կարող ուրիշ կերպ ալ արտահայտվել դրսեն, քանի որ ոչ միայն դեռ voute pednitif-ը անծանոթ էր, այլև 7-րդ դարուն մեջ չորս մեծ կամարներու միացումեն գոյացած քառակուսի բացվածքը անկյուններեն շեղակի նետված փոքրիկ կամարիկներով 8 կամ 16 անկյուններու վերածելու օրենքն ալ անծանոթ էր։ Տեկորի գմբեթին ներքին կողմը պարզապես քառակուսի է գրեթե, միայն թե ամեն կողմեն դեպի ներս հակված մինչև սահման մը և այնուհետև այդ հակումները կորացվելով՝ իրարու միացած։ Այժմյան երևցած calotte-ը, գմբեթին ստորին մասեն սկսյալ, շինվածքի շարունակությունը չէ. վերջին ժամանակի նորոգության հետևանքն է, որն որ կանոնավոր գնդաձև կաղապարի վրա շարված է, մինչդեռ եթե հինը լիներ, մինչև վերջին փականքը պետք է որ նույն ոճով շարունակվեր[1]։

Բագարանի ս. Թեոդորոսի մեջ գարգացումը կկայանա գմբեթի խարիսխեն սկսած կանոնավոր ութանկյուն կազմության մեջ, որ համեմատաբար ավելի ախորժելի տեսք ունի և արդյունք՝ կարող մասնագետներու ձեռքով երկար ժամանակի փորձառությամբ մշակված ծրագրի մը։

5-րդ դարուն ներքին կողմեն գմբեթի թմբուկը շեշտված չէ, երբ 7-րդ դարուն անհրաժեշտություն կներկայացներ դրսեն թե ներսեն թմբուկի կազմությունը,

  1. Գմբեթի նախնական ձևը տես՝ նկ. 127: