Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարգանաց արժանի մեջ արվեստագետներու գոյության և պատկերներ ժամանակի ոգուն: Այդ մանրամասնությունները թողնելով ուրիշ անգամի, հիմա անհրաժեշտ կհամարեմ քանի մը եկեղեցական սպասներու քննությունը, որոնք գտնվելով Գագիկի եկեղեցիին մեջ, լիովին կհակասեին թե Գագիկի փառասեր ոգուն և թե անոր կանգնած շենքի մեծափառ շքեղության:

Պեղումներու ժամանակ հաջորդաբար գտնվեր են մեկ մոմակալ, մեկ բուրվառ, մեկ կաթեղ և մեկ պղնձյա ջահ:

Մոմակալը շատ հասարակ շինված, պղինձ է և արծաթի ջրով օծված է. տակի կողմը ունի խողովակ մը՝ ձող անցնելու հատուկ. վրան չափավոր մեծությամբ գունդ մը և անոր վրա շինված է մոմ դնելու տեղը: Գունդին վրա փորագրված են բարակ գծերով զարդարանքներ, որոնց ոճը հատուկ է Զաքարյան շրջանի անեցիներու ճաշակին:

Կանթեղը կամ, ավելի ճիշտ, կանթեղակալը շինված է բրոնզե, որուն մեջը կդրվեր ապակյա կամ բյուրեղյա կանթեղը. շրթունքներու վրա ունի երեք ծակված փոքրիկ կոթեր՝ շղթաներ անցնելու հատուկ. ուռուցիկ փորին վրա շուրջանակի քանդակված են բարձրաքանդակ պատկերներ՝ ավետարանի պատմությունեն առնված: Քանդակները շատ անճաշակ և բոլորովին նախնական վիճակ ունին:

Բուրվառն ալ գրեթե նույն ձևն ունի, միայն թե ավելի փոքր. այս ալ նույնպես շրջապատված է կրոնական բարձրաքանդակ պատկերներով. կանթեղակալի բաղդատությամբ սա ավելի հմուտ ձեռքի գործ է, բայց կրկին այն չէ, ինչ որ իրավամբ կսպասվեր անեցիներու այն ժամանակի արվեստներու զարգացյալ վիճակեն: Պահ մը ենթաֆրենք, որ Անիի և շրջակայից մեջ նույն դարուն նկարչության և արձանագործության արվեստներու պահանջ լինելուն պատճառավ, բնականաբար հաջող արդյունք չպիտի կրնային տալ տեղական արհեստավորներ մարդոց պատկերներ քանդակելու մեջ, և Գագիկ ստիպված պիտի բավականանար տեղական արվեստագործությամբ: Սակայն պղնձյա ջահը իր բոլորովին գռեհիկ ձևով կուգա այս ենթադրությունն ալ բոլորովին հեղաշրջելու:

Ջահը շինված էր հասարակ պղնձագործ վարպետի մը ձեռքով, պղնձի բարակ թերթերե կտրված աղավնիներ և ուրիշ կենդանիներ շարեր է, նույնպես պղնձե թերթերե կտրված իրարմե տարբեր տրամագծերով շրջանակներու շուրջը, որոնք իրարմե կախված են պղնձյա թելերու միջոցով: Աղավնիներու և մյուս անճանաչելի կենդանիներու իրանին վրա կանթեղներ դրվելու հատուկ ծակեր ծակված ըլլալեն զատ՝ անոնց վիզերեն ալ թելերով կանթեղներ կախեր են:

Ի տես այս ողորմելի կազմածին, չի կարելի ոչ մի կերպ հաշտվել, որ Գագիկ Ա. Զվարթնոցի նման մի հսկա մեծագործության Անիի մեջ վերաշինելու փառասիրական ձգտումը իրագործելեն հետո, զիջաներ իր «սքանչատես տեսլեամբ գմբեթաւորեալ գունակ գերամբարձ երկնանման գնտին» մեջեն կախել այդքան հասարակ պղնձի կտորներե կազմված գծուծ ջահ մը, մինչդեռ քանի մը քայլ անդին, իր կնոջ, Կատարանիդե թագուհիի շինած կաթուղիկեին գագաթը կշողշողա մարդաչափ բարձրությամբ արծաթյա խաչը և ներսի կողմեն լուսաշողշող ճառագայթներու մեջ հավատացելոց