Էջ:The Architecture, Tom 1.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս տարվան օգոստոսի սկիզբը Օլթիի կողմեր թրքաբնակ Փենեկ կամ Բանակ գյուղի մեջ գտնվող, նախքան Անիի ս. Գրիգորը, Զվարթնոցի նմանությամբ շինված հնագույն եկեղեցին հետազոտելով, ուր գրեթե բոլորովին կանգուն են այն ամեն մասերը, որոնք առիթ տվեր էին երկար վիճաբանություններու:

Ես ուրիշ անգամ առիթ ունեցեր եմ խոսելու Զվարթնոցի կազմության մասին, թե անոր մեջ ի՞նչպես կախված էր կրկնակ գմբեթը, արտաքին բոլորակ պատին զուգահեռական կորությամբ ութ աղեղներե կազմված բոլորակ խարիսխի միջոցավ, որն որ հաստատված էր ութ տկար կետերու վրա, որոնց չորսը 0,80 մետր տրամագծով սյուներ էին և մնացյալ չորսը 0,60 մետր տրամագծով երկու սյուներ իրար միացնող փոքրիկ կամարներ։

Այս ծրագիրն արդեն, եթե ոչ անիրագործելի, գոնե շատ հանդուգն էր: Զվարթնոցին ավելի քան երկու դար կանգուն մնալուն միակ պատճառը ճարտարապետին հանճարեղ նրբամտությամբ, ծանրության սպառնացող կետերու վրա զոորեղ ճնշումը մեղմացնելու համար, նույն կետերու վրա շինվածանյութի տեսակը փոխելն է: Շինության սկիզբեն նա, կատարյալ գիտակ իր անօրինակ հանդգնությամբ հղացած ծրագրին, նախապես հեռատեսելով վտանգավոր ապագան, բոլորակ խարիսխեն վեր գտնված շատ մը մասեր, ինչպես՝ թաղեր, գմբեթ, փոխանակ սովորական ծանր քարերու, շիներ է շատ թեթև պեմզա քարերով, որ չորս անգամ ավելի թեթև է, քան հասարակ քարը։

Անիի ս. Գրիգոր շինող ճարտարապետը, ինչ որ ըլլա պատճառը, միշտ մեղադրելի պիտի մնա իր ունեցած անհեռատեսության մեջ, որ ոչ միայն հրաբխային ավազուտ քարերով, այլև ապառաժի կտորներով խառնված զանգվածով մը ծանրաբեռներ է գմբեթակիր սյուներու կամարները։

Այս պարագան ինծի իրավամբ առիթ կուտա մտածելու, որ Անիի ս. Գրիգորի ճարտարապետը ոչ միայն մեզ ծանոթ (ըստ Ասողիկի) Կ. Պոլսո ս. Սոֆիա եկեղեցիի հսկայական գմբեթը նորոգող և Անիի Կաթուղիկեն հիմնարկող Տրդատը չէր, այլև միևնույն ժամանակ Կաթուղիկեն կառուցող ճարտարապետին[1] հսկողութենեն ալ հեռու էր ս. Գրիգորը։ Մայր եկեղեցիի գմբեթը կազմված էր մեր ժամանակի արվեստագիտական տեսակետով շատ հետաքրքրական և նորօրինակ ձևով մը: Որպեսզի գմբեթի հսկա զանգվածի ծանրությունը միմիայն չորս մեծ սյուները իրարու միացնող կամարներու վրա ծանրանա, ճարտարապետը, լայնցնելով անոր շրջանակի տրամագիծը, հանգչեցուցեր է ուղղակի չորս մեծ մայր սյուներու կեդրոնին վրա, մինչդեռ մեր սովորական ձևով, չորս մեծ սյուները օժանդակողի դերը պիտի ունենային։ Մայր եկեղեցիի մեջ օժանդակողի դերը մնացեր է թևերը (nef) ծածկող կամարներուն, որոնք ալ նույնպես համեմատաբար ավելի զորեղ են, քան սյուներեն ձգվող կամարները:

Այս հեռատեսության շնորհիվ է, որ այսօր մեծ սյուները կապող կամարներեն քար մը իսկ փրթած չէ գմբեթին ահեղ շառաչմամբ կործանած ժամանակ, որովհետև ոչ մի կապ չէ ունեցեր այդ կամարներուն հետ։ Երբ երկրաշարժը ցնցեր է, գմբեթը ամբողջությամբ գլորվեր է հյուսիս-արևմտյան անկյունին վրա և փշրեր է անկյունը ու անոր կից թևին վրա ծածկված կամարը։ Եթե սովորական ձևով շինված ըլլար, միևնույն ժամանակ պիտի փշրվեին կամարներեն ոմանք ալ և բեկորները մեջը թափելով՝ գուցե պիտի ջախջախեին մեծ սյուներեն գոնե մեկ երկու հատը։

Արդ, Մայր եկեղեցիի նման նվազ զգուշություն պահանջող շինության մը մեջ այսչափ նրբամիտ հեռատեսությամբ գործող ճարտարապետը չէր կարող անտարբեր մնալ ս. Գրիգորի վիթխարի շինության անհրաժեշտ զգուշություն պահանջող մասերուն վրա։

Սեղանին հարավային կողմի մեծ սյունին վրա փորագրված «ՆԿԲ թվականին շրջակամար կա[ռուցաւ]» արձանագրությունեն կհասկցվի, որ տաս կամ տասներկու տարի անցած, սկսեր է ճեղքվել եկեղեցին, ծանրությունը կրող սյուներեն մեկ քանին ջարդվեր են և շենքը արևմտյան կողմեն հակվեր է դեպի դուրս։ Ուստի, վերահաս վտանգին առջևը փակելու համար, անմիջապես ծանրության ճնշած ութը կետերուն հինգին տակ սրբատաշ քարերով հյուսված ութը հաստահեղույս սյուներ կանգներ են, որոնց տրամագիծը մետրեն ավելի է. և նախապես գոյություն ունեցող շրջակամարի մեկ մասը կրկներ են արևմտյան կողմին վրա, որուն մասին կակնարկե արձանագրությունը:

  1. Համոզվելու շատ պատճառներ կան, որ մայր եկեղեցին շինված չէ Տրդատի ձեռքով, Արդինայի եկեղեցին և ուրիծ մնացորդները բավական մեծ ապացույցներ կուտան մեզի այս մասին: Մայր եկեղեցին Տրդատի հատուկ ոճեն դուրս վերածնության նոր շրջան մը բացած է Անիի և շրջակայից մեջ, որմե ետքը շինվող բոլոր շինությունները պարզ հետևողություններ են Մայր եկեղեցիի ոճին: Այս մասին վրա ուրիշ անգամ կանդրադառնամ առանձին: