Էջ:The Architecture, Tom 1.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շինության մեջ։ Բնականորեն նույն դարուն շինության հայերեն արձանագրություն չէր կարող լինել շենքին վրա, պիտի լիներ կամ ասորերեն կամ հունարեն․ այնուամենայնիվ, ինչպես երևում է, մի ժամանակ բերդի են վերածել այս եկեղեցին և արտաքուստ կրկնակի պատերով զրահավորել են, որով վրան եթե արձանագրություն ևս կար, հին պատին վրա, մնացել է նոր շինված պատի տակ։ Այս եկեղեցուց մի քանի տասնյակ քայլ հեռու կա մի բերդի մնացորդ, որ հազիվ թե 10-11-րդ դարերու գործ լինի, սակայն անկասկած է, որ ի հնումն եղել է նախորդը և վերաշինվել է հետին դարերում (նկ․ նկ․ 194, 195)։

Ծիրանավորից հետո ժամանակագրական կարգով Կարմրավոր կոչված փոքր մատուռն է, որ կանգնված է 7-րդ դարում, անչափ գեղարվեստական է շենքը և շենքի ընդհանուր պսակը․ վրայի 7-րդ դարու կղմինդրե ծածկը մինչև այսօր մնում է։ Պարզ քննությունը ցույց է տալիս, թե որ աստիճան նպատակահարմար և գեղարվեստական ձևով շինված են այս կղմինդրները և ինչքան լավ թրծված, որ մինչև այսօր բնավ չեն ազդված բնության զանազան հոսանքներից։ Շինության արձանագրությունը պահված է շենքի շուրջը փոքր ինչ փչացումեերով, որոնց մեջ պահված է շինողների անունը, ինչ որ Գրիգոր քահանա ու Մանաս և այլն։ Դժբախտաբար թվական չկա, բայց անկարելի է 7-րդ դարուց այս կողմ բերել՝ շինության կերպի և շինանյութերի տեսակետից (նկ․ 196)։

Ժամանակագրապես երրորդ տեղն է բռնում Մարիանեի եկեղեցին, որը ունի իր վրա 14-րդ դարու արձանագրություններ․ շինությունը նույն դարուն կլինի անշուշտ, սակայն շինողի անվան հետ առասպելներ կապված լինելով՝ ավելորդ ենք համարում այստեղ կրկնել (նկ․ նկ․ 197-198)։

Նշանավոր է Քասաղ գետի կամուրջը Աշտարակ գյուղին մոտիկ․ այս կամուրջին նախնականը և նրա