Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակող և կամ համայնական գաղթերով միատեղ ապրողներու մեջ եղած ժողովրդական ավանդություններն ու սովորությունները։ Այս մասին մեծ ծառայություն պիտի մատուցանեն ազգագրական ժողովածուները։

Ես չեմ հավակնիր ինքզինքս ազգագրական ճյուղի ուսումնասիրության կարող համարելու և նյութերու մեջ համեմատություններ կատարելու, սակայն իմ մասնագիտությամբ պարապելու ժամանակ, թե պատահեր են որոշ նյութեր և թե հայրենի սովորություններեն մտքիս մեջ զարթեր են հիշողություններ, որոնք, կարծեմ, անօգուտ չի լիներ այստեղ հիշատակելը՝ բարձրագույն դասի կենցաղագիտության տեսակետով։

Հայաստանի խուլ անկյուններու մեջ, ուր տակավին չէ հասեր ժամանակակից մոդաներու ազդեցությունը, և մարդիկ մնացեր են նահապետական վիճակի մեջ, հավանական է, որ այն տեղերը դեռ կշարունակվի ուրիշ չափով նախնական տարազի ձևը։ Բայց միևնույն ժամանակ զանազան գավառներու մեջ տարազներու այնքան այլազանություններ կան, որ մարդ կդժվարանա վճռելու, թե անոնցմե ո՞րը ավելի հիներու շարունակություն է, կամ որը ի՞նչ ազդեցության ենթարկված է։ Ինձ պատահեր են 12—13-րդ դարերու նկարազարդ ձեռագրաց մեջ հայ կանանց տարազներ, որոնք գլխանոցներով փոքր ինչ նման են ժամանակակից նահապետական հայ կանանց գլխանոցներուն, սակայն մնացած մասերով շատ կտարբերեին։ Մանավանդ արևմտահայերի տարազը շատ մեծ փոփոխություններու ենթարկված պետք է լինի, համեմատելով Արարատյան աշխարհի հայ կանանց տարազին։ Բայց թողնելով կանանց տարազի մասին խոսելը հայ ազգագրագետներու, այստեղ մեջ բերեմ տղամարդկանց մի քանի հագուստներու ձևեր։

Հառիճավանքի արևելյան պատի վրա քանդակված են Զաքարե և Իվանե եղբայրներու բարձրաքանդակ պատկերները։ Այս պատկերներու ներկայացուցած տարազը պետք է որ 12-13-րդ դարերու հայ իշխանաց տարազի ձևը լինի։ Թեև հմուտ քանդակագործի ձեռակերտ չէ և կարելի է իրականին անհամապատասխան գծերու շարժումներով տձևություն ստացած լինի, այնուամենայնիվ, գեթ մոտավոր արտահայտություն կարելի է համարել այդ մեծ իշխաններու սեփական տարազին։ Անոնց տարօրինակ ձևով վերարկուին և գլխանոցին վերաբերյալ ինքս ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել (նկ․ 271)։

Անիի պեղումները մեզ տվին Բագրատունի Գագիկ Ա․ թագավորի արձանը (տե՛ս նկ․ 170)՝ քանդակված 10-րդ դարու վերջին կամ 11-րդի սկզբին։ Այդ արձանը, որ այժմ պահված է Անիի հնագիտական թանգարանին մեջ, բացի վիզը կախված քրիստոնեական խորհրդանշան խաչեն, բոլորովին նման է արաբական խալիֆներու տարազին՝ իր մինչև կրունկները իջնող երկար վերարկուով և գլխու խոշոր փաթաթանով։ Անկասկած, այս տարազը Բաղդադի խալիֆներեն ընծայած խալաթ էր, ոչ թե Գագիկի զուտ ազգային տարազը․ ամենայն հավանականությամբ, ժողովուրդը, բոլորովին անկախ Գագիկի պաշտոնական տարազեն, իր սեփական ազգային հագուստներու ձևը ուներ, որ դեռ անծանոթ է մեզ։

Գրեթե միաժամանակ քանդակված պետք է լինի Վասպուրականի թագավոր Գագիկ Ա․ Արծրունիի բարձրաքանդակ պատկերը Աղթամարի եկեղեցվո պատին վրա։ Դժբախտաբար այս պատկերն ալ շատ հեռու